Եվրախորհրդարանի առաքելության ներկայացուցիչ Ալեքսանդր Կվասնևսկին համարում է, որ Ռուսաստանը մեծ սխալ է գործում՝ Վիլնյուսի գագաթնաժողովի նախօրեին Ուկրաինայի վրա տնտեսական ճնշում գործադրելով: Այդ մասին նա ասել է Բրյուսելում УНИАН-ի թղթակցին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ Ռուսաստանը վերջին շրջանում սխալներ է թույլ տալիս: Այն շրջափակումը, որ նա կիրառում է ուկրաինական արտահանման համար, բացասական կարծիք է ստեղծել ուկրաինացիների շրջանում: Նույնիսկ նրանց շրջանում, ովքեր լավ են վերաբերվում Ռուսաստանին ու խոսում են ռուսերեն»,- նշել է Կվասնևսկին:
«Ուկրաինացիները հպարտ ժողովուրդ են, չեն սիրում, երբ իրենց նվաստացնում են: Իսկ տնտեսական արգելափակումները և ուկրաինացիների նկատմամբ նման վերաբերմունքը հարվածում են նրանց ազգային արժանապատվությանը: Այդ պատճառով, Ռուսաստանի Դաշնությունն այստեղ սխալ է թույլ տալիս»,- ընդգծել է նա:
Միևնույն ժամանակ Կվասնևսկին նշել է, որ չի զարմանում տեղի ունեցող շատ իրադարձություններից, քանի որ խոսքն աշխարհաքաղաքական մարտի մասին է, որտեղ որոշվում է ողջ Եվրոպայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ապագան:











































