Բրիտանական Հադերսֆիլդ քաղաքից 42-ամյա Ռեյչել Օգդենը տառապում է հազվագյուտ՝ Ռեյնոյի հիվանդությամբ։ Նրա վերջույթներին բավականաչափ արյուն չի հասնում, ինչի պատճառով դրանք մեռելային կապույտ գույն են ստանում։

Նրա մոտ ախտորոշումն արվել է 14 տարեկանում։ Նա պարելիս է եղել բալետի դասի ժամանակ, երբ մատները սկսել են կապտել, ուսուցչուհին տագնապ է բարձրացրել և համոզել ծնողներին աղջկան տանել բժշկի։ Այդ ժամանակ Ռեյչելն իմացել է, որ ինքն առանձնահատուկ է։

Երկար տարիներ հիվանդությունը նրան չի անհանգստացրել, սակայն հետո նա տեղափոխվել է ցուրտ Յորքշիր։ Կախված ցրտից՝ նրա ձեռքերը դառնում են սպիտակ, կարմիր, կապույտ, մանուշակագույն։ Հիվանդության սրացման ժամանակ բրիտանուհու մոտ սկսվում է փսխում և ցավ վերջույթներում։

Օգդենը երկու որդի ունի։ Կինը խոստովանում է, որ հիվանդության սրվող շրջանում առաջացող ցավերը թույլ չեն տալիս իրեն ապրել։ Նա փորձում է հնարավորինս տաք վայրերում գտնվել կամ իր հետ ունենալ տաք հագուստ, շարֆ, ձեռնոցներ։










































