Նոյեմբերի 13-ին իսլամիստները, որոնք կռվում են սիրիացի ապստամբների շարքերում՝ նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ, կոչ են արել բոլոր մուսուլմաններին, որոնք կարող են զենքը պահել ձեռքերում, միանալ իրենց՝ հաղորդում է Agence France-Presse-ը: Նրանց, ովքեր պատերազմի համար թույլ են և ծեր, կոչ են արել ապստամբությանն աջակցել գումարով և զենքով:
Ուղերձը ստորագրել է միանգամից վեց ծայրահեղական խմբավորում, այդ թվում՝ «Ջեբհաթ Ալ-Նուսրան», «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» և այլն:
Իսլամիստները խոստովանել են, որ վերջին շաբաթներին մի շարք պարտություններ են կրել կառավարական ուժերից Սիրիայի հյուսիսում՝ Հալեպի շրջանում: Նրանց խոսքերով՝ ապստամբների շարքերում մեծ կորուստներ են գրանցվել, իսկ հակառակորդը կարողացել է գրավել ռազմավարական մի շարք կարևոր օբյեկտներ:
Մասնավորապես, կառավարական զորքերը կարողացել են լիակատար վերահսկողություն հաստատել Հալեպի օդանավակայանի վրա, որը չէր աշխատում ավելի քան մեկ տարի: Բացի այդ, Սիրիայի բանակը հետ է գրավել Սֆեյրա քաղաքը և Հալեպի հետ մայրուղու վրա գտնվող բոլոր բնակավայրերը: Դա թույլ կտա կառավարական զորքերին ամրապնդել դիրքերը Հալեպից հարավ-արևելք ընկած շրջանում:










































