Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումները ավարտելուց հետո նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպումների շարք է սկսել նաև արտախորհրդարանական ուժերի հետ։ Փետրվարի 11-ին Արմեն Սարգսյանը Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել էր ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամների և ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի հետ: ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ տպավորված են Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից, որը տևել է 2 ժամից ավելի։ «Հանդիպումը երկու կողմերի համար էլ հետաքրքրական էր։ Արմեն Սարգսյանը նախ բացատրեց այն հանգամանքները, թե ինչպես է եղել իրեն առաջարկը դառնալու նախագահի թեկնածու։ Սարգսյանը չզլացավ նաև ասելու, որ ինքը երբեք էլ կտրված չի եղել հայաստանյան իրականությունից, մշտապես մասնակից է եղել տնտեսական, ներդրումների վերաբերյալ գործողություններին։ Նա ասաց, որ իր կապերը մշտապես օգտագործել է հոգուտ Հայաստանի։ Հերքեց իր մասնակցության մասին խոսակցությունները կապված Ամուլսարի հանքավայրի շահագործմանը»,- նշեց Ավետիքյանը՝ հավելելով, որ իրենք էլ Սարգսյանին ներկայացրել են մի շարք հարցեր, բայց շեշտադրել են հարցը, որ Հայաստանում ընտրություններից հետո, չհաղթած կուսակցությունները հայտնվում են լուսանցքում և որևէ մասնակցություն չեն ունենում երկրի քաղաքական կյանքում։
«Մենք իրեն ասացինք, որ եթե ուզում ենք եվրոպատիպ երկիր ունենալ, ապա այս կամ այն պատճառով խորհրդարանում չհայտնված ուժերը լուսանցքում չպետք է հայտնվեն։ Նրանք պետք է մասնակցություն ունենան երկրի քաղաքական կյանքին։ Արմեն Սարգսյանը, մեր տպավորություններով, ծրագրեր ուներ նաև կոռուպցիայի դեմ պայքարի համար, ցուցիչներ ուներ»,- նշեց Ավետիքյանը՝ հավելելով, որ իրենք հանդիպման ժամանակ անդրադարձ են կատարել Սփյուռքին, Սփյուռքի մասնակցությանը Հայաստանի վերաշինության գործին։ «Մենք շեշտադրեցինք, որ այն, ինչ կատարվում է, խիստ մտահոգիչ է։ Հայաստան համահայկական հիմնադրամի դրամահավաքները պատիվ չեն բերում մեզ։ Ինքն էլ համաձայն էր, որ տարեկան 10-12 միլիոնը մեզ սազական չէ, մեր հեղինակությանը վայել չէ։ Բայց ինքը շեշտեց, որ վերաբերմունքը պետք է փոխել և հրաժարվել փող ուզելու սովորությունից։ Շեշտեց դրանից հրաժարվելու մշակույթը և կարևորեց ներդրումներ ներգրավելու հարցը»,- ասաց Ավետիքյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











































