Ներակայցնում ենք «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի այսօրվա խմբագրականից հատված:
«Հայտնի ճշմարտություն է. ծայրահեղություններն իրար նման են։ Օրինակ՝ «ազգային գործիչները» վստահ են, ավելի շուտ՝ ձև են անում, թե վստահ են, որ «գենդեր» բառը միջազգայինից հայերեն թարգմանաբար նշանակում է «միասեռականություն», և պաշտպանում են ձեր ազգային ինքնությունն ու ընտանիքը գենդերի սարսափազդու հետևանքներից։ Մյուս կողմից՝ իրավապաշտպաններից ոմանք ասում են, որ՝ այո, ժամանակն է Հայաստանում գրանցել միասեռական ամուսնությունները։
Երկու ծայրահեղություններն էլ կարծում են կամ կրկնեմ՝ իմիտացիա են անում, թե կարծում են (որովհետև հիմար չեն), որ նման խնդիր իսկապես գոյություն ունի, արհեստականորեն թեժացնում են այն, ինքնահաստատվում են դրա շնորհիվ, գուցե նաև դրամաշնորհներ են ստանում։ Իրականում այդ ամբողջ բանավեճը փոթորիկ է՝ մի բաժակ ջրում, միասեռականներ Հայաստանում եղել են Պապ թագավորի ժամանակ, Սովետի ժամանակ, կան նաև հիմա, տղամարդկանց և կանանց իրավահավասարության մասին օրենքը նրանց հետ կապ չունի, և մոտակա տասնամյակներում Հայաստանում ոչ ոք միասեռականներին թույլ չի տա դուրս գալ հասարակության լուսանցքից։
Նույնը՝ Շանթ Հարությունյանի «մարգանցովկա–բրոնզ»–ի ակցիան։ Ծայրահեղ ընդդիմադիրներն ասում են, որ այդ ակցիայի շնորհիվ թմբիրի մեջ գտնվող ժողովուրդն արթնացավ, որ դա ազգային զարթոնքի սկիզբն էր, հեղափոխության, այսպես ասած, մրրկահավը։ Այսինքն՝ նրանք գտնում են, որ այդ ակցիան կարևոր քաղաքական իրադարձություն էր մեր կյանքում, որից հետո իշխանափոխությունը անխուսափելի է դառնում։
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:










































