Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականն ընտրելու, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի հետ վերջին մրցավեճում Դենիս Գլուշակովի խփած գեղեցիկ գոլի մասին:
«Ես կարծում եմ, որ հավաքականն այն տեղը չէ, որտեղ պետք է խոսել կարիերայի կամ քո ֆինանսական հավակնությունների մասին: Ես հայ եմ, ու իմ սիրտն այդ երկրում է: Երբ ընդունեցի Հայաստանի հավաքականի կազմում խաղալու որոշումը, առաջնորդվեցի հիմնականում նրանով, որ հնարավորություն կունենամ հայ ժողովրդին մի փոքր ավելի երջանիկ դարձնել:
Ինչ վերաբերում է Գլուշակովին, ապա նա «Զենիթ»-ի հետ խաղում հիանալի գոլ խփեց: Բարձր վարպետություն, համաշխարհային մակարդակ: Եթե այդպիսի գոլ խփեր նաև Մեսսին, ապա ողջ աշխարհի հեռուստատեսային գործակալությունները կգովաբանեին նրան»,- Մովսիսյանի խոսքերը մեջբերում է «Спорт-экспресс»-ը:









































