Գերմանիայի խոշորագույն և ամենահեղինակավոր բուհերից մեկը՝ Դրեզդենի տեխնիկական համալսարանը, սխալմամբ հեռացրել է իր բոլոր ուսանողներին և դասախոսներին՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Սխալ ծանուցագրերում, որոնք էլեկտրոնային փոստով ուղարկվել էին 42 հազար հասցեներով, ուսանողներին և դասախոսներին հաղորդվել է, որ 12 օրից համալսարանի բազայից կջնջվեն նրանց անձնական տվյալները, իսկ հասանելիությունը բուհի առցանց ծառայություններին կարգելափակվի:
Ինչպես հայտնել են ուսումնական հաստատության տեղեկատվական բաժնում, ծանուցագրերի տարածումը տեղի է ունեցել ծրագրային սխալի պատճառով: «Մենք ներողություն ենք խնդրում բոլորից, ովքեր ստացել են այդ նամակը»,- ասել է համալսարանի ներկայացուցիչ Քիմ-Աստրիդ Մագիստերը՝ վստահեցնելով, որ ոչ ոք չի հեռացվել: Նա հույս է հայտնել, որ ապագայում նման բան չի կրկնվի:










































