Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոստովանել է, որ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին համարում է այդ մարզաձևի բոլոր ժամանակների լավագույն խաղացող:
«Ես 100 տոկոսով համաձայն եմ այն կարծիքի հետ, որ Ֆեդերերը լավագույնն է թենիսի պատմության մեջ: Նա մինչ այժմ խաղում է, իսկ նրա արդյունքները գերազանցելը շատ դժվար է լինելու: Ես միշտ ասել եմ, որ թենիսիստին գնահատել միայն «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում նվաճած տիտղոսների թվով արդար չէ: Բոլորը գիտեն, որ թենիսը միայն «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերը չեն: Կան շատ այլ մրցաշարեր ևս, ու Ռոջերը նրանցում նույնպես անհավանական արդյունքներ ունի:
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես 27 տարեկան եմ: Ես արդեն հասել եմ շատ բաների, որոնց մասին նախկինում երազել եմ: Հուսով եմ, որ ապագայում նույնպես կպայքարեմ տիտղոսների համար: Ես պետք է շարունակեմ աշխատել: Հուսով եմ` երբ ավարտեմ կարիերաս, իմ տեղը կունենամ թենիսի պատմության մեջ»,- ասել է Նադալը:






































