«Եթե հայտարարությունների կայքերը բացենք, ապա կտեսնենք` ֆերմաների ինչ ահռելի քանակի առքուվաճառք է գնում, ինչը նշանակում է, որ Հայաստանում մայնինգ իրականացվում է և ահռելի քանակի վիդեոքարտեր են ներմուծվում, որոնք հենց մայնինգի համար են օգտագործվում, ընդ որում ըստ շրջանառվող լուրերի` թե օլիգարխներն են շատ լուրջ կերպով մտել այս ոլորտ և ընդհատակում զբաղվում են մայնինգով, թե նաև որոշ անհատներ և այս ոլորտի օրենսդրական որևէ կարգավորում չկա», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Վերջինիս խոսքերով` մեր երկրում չկա հստակ մոտեցում, թե ինչ է մայնինգը, որպեսզի դրա հիման վրա հարկատեսակ որոշվի և հարկ վճարվի այն մարդկանց կողմից, ովքեր զբաղվում են մայնինգով և եկամուտներ են ստանում։ «Կարծում եմ, որ այս ոլորտի իրավական կարգավորումը ճիշտ բան է ու Էդմոն Մարուքյանի մոտեցումն էլ ճիշտ է այն առումով, որ այս ոլորտը պետք է լիբերալ լինի», – ասաց Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել «Թվային տեխնոլոգիաների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում է կարգավորել թվային արժույթի մայնինգի ոլորտը։ Նախագծով առաջարկվող կարգավորումներն առավելագույնս լիբերալ են, մասնավորապես, պատգամավորի կողմից առաջարկվել է սահմանել, որ․
1. Հայաստանում մայնինգով կարող է զբաղվել 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական, ինչպես նաև իրավաբանական անձ։
2. Մայնինգով զբաղվելու համար որևէ նախնական կամ այլ թույլտվություն, ինչպես նաև լիցենզիա չի պահանջվում։
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև դրա ուժի մեջ մտնելու պահից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը մայնինգով զբաղվելը որևէ տեսակի հարկով հարկման ենթակա չէ։
4. Մայնինգով զբաղվող անձանց համար ՀՀ օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ՝ պայմանով, որ մայնինգի շուկայում մայնինգով զբաղվող սուբյեկտների միջև հավասար տնտեսական մրցակցությունը չխաթարվի։
Մանրամասները` տեսանյութում։









































