Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նոյեմբերի 2-ին հայտարարեց Վրաստանի ապագա վարչապետի թեկնածուի անունը: Ինչպես արդեն հայտնի է, Իվանիշվիլին իրեն հետևորդ է պատրաստվում նշանակել Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական նախաձեռնության նախագահ Առնոլդ Ստեփանյանն ասաց, որ նա Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությունը կշարունակի, և հայ-վրացական հարաբերությունները կունենան այնպիսի ընթացք, ինչպիսին որ ունեցել են Իվանիշվիլու օրոք: «Ստաբիլ հարաբերություններ կլինեն, ոչ կլավանա, ոչ էլ կվատանա»,- ընդգծեց նա:
Ստեփանյանն ընդգծեց, որ վարչապետի և ՀՀ իշխանությունների հարաբերությունները լավ լինելու հետ մեկտեղ՝ էմոցիոնալ չէին՝ ի տարբերություն նախկին նախագահ Սաակաշվիլու և ՀՀ իշխանությունների հարաբերությունների․ «Ես չեմ կարծում, թե Գարիբաշվիլու և Հայաստանի իշխանությունների հարաբերություններն ավելի լավ լինեն: Սաակաշվիլու հարաբերությունները բոլորի հետ շատ էմոցիոնալ էին, դա հետևանքներ ուներ իհարկե, բայց Վրաստանի այսօրվա իշխանությունները Հայաստանի հետ հարաբերություններն առանց էմոցիայի են կառուցելու, ավելի ռեալ քաղաքականություն է լինելու, ըստ իս՝ ինչպես հիմա, այնպես էլ ապագայում»:
Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանն ասաց, որ Վրաստանի ներքին գործերի նախարարն, իր ունեցած տեղեկությունների համաձայն, նորմալ բնավորություն ունեցող մարդ է, սակայն ժողովուրդը նրան առանձնապես ծանոթ չէ․ «Ծանոթ է այնքանով, որքանով մամուլը գրում է նրա մասին. ազնիվ, արդար մարդ է՝ ասում են, անձնապես չեմ ճանաչում»:
Մեր զրուցակցի կարծիքով՝ դժվար թե հայ-վրացական հարաբերությունները որևէ փոփոխություն կրեն․ «Ըստ երևույթին Իվանիշվիլին և Գարիբաշվիլին համագործակցելու են, և Իվանիշվիլու գաղափարները կյանքի են կոչվելու: Նա գաղտնի չի պահում, որ իշխանություններից հեռու չի կանգնելու, Իվանիշվիլիի կարծիքը հաշվի կառնվի»:
Ֆյոդոր Թորոսյանն ընդգծեց, որ Իրակլի Գարիբաշվիլու՝ ներքին գործերի նախարար լինելու ընթացքում առանձնապես հնչեղ միջադեպեր չեն եղել, առօրյա գործերով և օրինապահությամբ է զբաղվել. «Էական փոփոխություն ոստիկանությունում չի եղել, կոռուպցիան այդ համակարգում չի ավելացել՝ մենք, համենայնդեպս, չենք նկատել: Ոստիկանությունն աշխատում էր այն տեմպով, ինչ նախկին իշխանությունների օրոք: Կարելի է ասել, որ ոստիկանությունը հասարակ ժողովրդի մոտ էլ է հարգանք վայելում»:









































