Կառավարման նոր մոդելի անցման համատեքստում կատարվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է, որ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը լինելու են վարչապետին ենթակա մարմիններ, ներկայիս կառավարությանն առընթեր կարգավիճակի փոխարեն: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ այդպիսով ձևավորվում է այդ կառույցների համար քաղաքական պատասխանատու անձ, ներկայիս փաստացի քաղաքական պատասխանատուի բացակայության պայմաններում:
Այստեղ ձևավորվում է բավականին ուշագրավ մի իրավիճակ: Առաջին հայացքից երկու այս գերատեսչությունները անմիջականորեն դնելով վարչապետի ենթակայության տակ, ամրացվում է նրա դիրքը, ուժեղացվում է վարչապետի իշխանությունը: Մյուս կողմից, սակայն, առավել լայն դիտարկելով իրավիճակը, նկատելի է դառնում, որ խոսքն ավելի շուտ վերաբերում է բալանսավորմանը, քանի որ նոր մոդելի պայմաններում ըստ էության վարչապետի ենթակայությունից դուրս է բանակը: Խաղաղ պայմաններում չկա Գերագույն գլխավոր հրամանատար, հայտարարված պատերազմ թերևս չի լինի, համենայնդեպս, տևական ժամանակահատված:
Պաշտպանության նախարարությունը ղեկավարում է նախարարը, իհարկե պաշտպանական քաղաքականությունը մշակում է Անվտանգության խորհուրդը, որը ղեկավարում է վարչապետը, սակայն խնդիրն այն է, որ այդ խորհուրդն իր գործունեությամբ, այսպես ասած, կոլեգիալ բնույթի է, և այստեղ վարչապետի գերակա մեծամասնությունը ամենևին երաշխավորված չէ՝ կազմի ինստիտուցիոնալ ձևավորման տեսանկյունից: Օրինակ՝ ԱԽ անդամ պետք է լինեն երեք փոխվարչապետները, և այստեղ հնարավոր են տարբեր կոնֆիգուրացիաներ: Ըստ այդմ, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վարչապետի ենթակայության տակ դնելը իրականում ավելի շատ բալանսավորում են առկա իրավիճակը, քան մեծ առավելություն տալիս վարչապետին: Սա իհարկե սցենարային տարբերակներից մեկն է, որը սակայն վկայում այն մասին, որ իրադարձությունների զարգացումը ամենևին չի գտնվում միարժեք ու անշեղ գծի վրա, և ձևավորվում է մի իրականություն, որը հնարավորություն է տալիս ադապտունակ դարձնել ցանկացած սցենար կամ պլան:
Անկասկած է, որ իշխանության վերադասավորման կամ վերակառուցման ներկայիս գործընթացը տեղի է ունենում դիրքային բավականին կոշտ պայքարով, որտեղ յուրաքանչյուր տեղի ու սանտիմետրի համար առկա է բավականին լարված մրցակցություն: Այդ հանգամանքի վառ վկայությունը դարձավ, օրինակ, էներգետիկայի նախարարի հրաժարականի պատմությունը, երբ Հայաստանի կառավարությունում գրանցվեց թերևս աննախադեպ իրավիճակ՝ պաշտոնապես հայտարարվեց նախարարի հրաժարականը, իսկ հետո հայտարարվեց, որ նախագահի և վարչապետի հետ զրույցի արդյունքւմ նա կշարունակի պաշտոնավարումը: Ըստ այդմ, սանտիմետր առ սանտիմետր, պաշտոն առ պաշտոն և լիազորություն առ լիազորություն ներհամակարգային դիմակայությունը դրսևորվում է բոլոր ուղղություններով:
Այդ իրավիճակում, միանգամայն հավանական է, երբ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրականում լինեն դե յուրե ենթակա վարչապետին, սակայն դե ֆակտո հենց վարչապետը լինի այդ կառույցներին ենթակա: Հենարանի փոխարեն դրանք կարող են լինել ականներ՝ դրված վարչապետի տակ, այդ թվում նաև քաղաքական պատասխանատվությամբ, որ դրվում է վարչապետի ուսերին: Հայաստանում համակարգը մոդելային առումով ենթարկվում է փոփոխության, ձևավորվում են դե յուրե նոր հարաբերություններ, սակայն ակնհայտ է, որ դե ֆակտո մակարդակում դեռևս տևական ժամանակ պահպանվելու է հարաբերությունների նախկին կանոնակարգը և, այսպես ասած, նվազագույնը իներցիոն ազդեցությունը: Այդ առումով, ներկայումս կատարվող փոփոխությունները, կառուցվածքային կազմավորումները, ըստ երևույթին, նույնքան միջանկյալ են, ընդ որում անկախ Սերժ Սարգսյանի կարգավիճակից, որքան միջանկյալ է այդ ամենի պլաստը՝ խորհրդարանական մեծամասնությունը:
Ներկայումս Հայաստանն անցումային փուլում է և գլոբալ իմաստով բոլոր լուծումներն են կրում այդ փուլի ազդեցությունը, ըստ այդմ կանխորոշիչը առավել մասշտաբային նախաձեռնություններն են, որոնք պարփակում են ներկայիս ներքին գործընթացը, այսպես ասած՝ ներսից ու դրսից: Դրանք հիմնական առումեվ երկուսն են՝ նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրն ու դրանից մոտ մեկ ամիս անց ներկայացված բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը: Դրանք այն ռելսերն են, որոնցով պետք է անցնի Հայաստանն անցումային կամ միջանկյալ այս փուլից:










































