Մոտ մեկ ամիս առաջ ծնվեցին Էնրիկե Իգլեսիասի և Աննա Կուռնիկովայի երկվորյակները՝ Նիկոլասն ու Լյուսին։ Երկար ժամանակ երգիչն ու մարզուհին ոչ մի կերպ չէին մեկնաբանում երեխաների լույս աշխարհ գալը և միայն վերջերս, առաջին անգամ կիսվեցին որդու և աղջկա լուսանկարներով։ Ավելի հաճույքով երկվորյակների մասին պատմում է Էնրիկե Իգլեսիասի մայրը՝ ֆիլիպինյան լրագրող և հեռուստահաղորդավար Իզաբել Պրեյսլերը։

Hola! Ամսագրին տված հարցազրույցում նա մանրամասներ է պատմել տղայի և հարսի՝ որպես ծնողներ իրենց նոր կարգավիճակում առաջին ամսվա մասին։ «Էնրիկեն երջանիկ է։ Իմ թոռները պարզապես հրաշալի են և շատ արագ են աճում։ Լյուսին ավելի նման է Աննային. նա երկնագույն աչքեր և բաց մազեր ունի։ Իսկ Նիկոլասը՝ Էնրիկեի պատճենն է, նա ավելի մուգ է քրոջից»,– ասում է երգչի մայրը։

Հիշեցնենք, որ Էնրիկե Իգլեսիասն ու Աննան Կուրնիկովան իրար հետ են արդեն 17 տարի։ Զույգը ծանոթացել է 2001 թվականին՝ Escape տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։











































