Հունվարի 28-ին Բանակի օրվա առիթով Հայաստանի չորրորդ նախագահի ներկայացված, թեև պաշտոնապես դեռ չառաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցել Արցախյան պատերազմում զոհվածներին: Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Վազգեն Սարգսյանի շիրիմին:
Այդ հանգամանքը անխոս խորհրդանշական է՝ թերևս նաև քաղաքական-քարոզչական առանձնահատուկ իմաստով: Բանն այն է, որ Արմեն Սարգսյանի թեկնածության շրջանառումից հետո անմիջապես շրջանառության մեջ դրվեց նաև 1996-ի նրա կարճ վարչապետության և հեռանալու պատմությունը, որի պաշտոնական բացատրությունն էր առողջական վիճակը, իսկ ոչ պաշտոնականը՝ Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտը, որի մասին նույնիսկ խոսակցություններ էին շրջանառվում, թե պաշտպանության նախարարը այն ժամանակ հարվածել էր վարչապետին:
Այս օրերին բազմաթիվ հերքումներ են եղել այդ կապակցությամբ այն անձանցից, որոնք այդ օրերին եղել են կառավարությունում, Վազգեն Սարգսյանի կողքին, այլ «մոտակա» դիրքերում: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը անգամ այդպիսի բան եղած լինելու դեպքում կստանձներ դա հաստատելու պարտականությունը:
Միևնույն ժամանակ, քանի որ հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների հետևանքով Վազգեն Սարգսյանը ողջ չէ, նրա ու Արմեն Սարգսյանի միջև կոնֆլիկտի որևէ հերքում ու բացառում չի հնչելու համոզիչ, դա օբյեկտիվ իրականությունն է՝ համադրված հանրային հոգեբանությամբ, որն էլ համեմված է հայաստանյան իրականության առանձնահատկություններով: Իսկ դրանցից մեկն էլ այն է, որ իշխանության վերադասավորման ասպարեզ մտնող Արմեն Սարգսյանն անկասկած հայտնվելու էր այդ գործընթացների անխուսափելի ուղեկից տեղեկատվական գրոհի տակ, որի «հրամանատարները» կարող են լինել հենց այն մարդիկ, որոնք վաղը կողմ են քվեարկելու նրա թեկնածությանը, և նույնիսկ մարդը, որը առաջադրում է նրա թեկնածությունը:
Այդպիսին են հայաստանյան բարքերը ու նաև ներիշխանական իրողությունները: Իսկ այդ տեսանկյունից, մի կողմից՝ առաջադրելով Արմեն Սարգսյանին, Սերժ Սարգսյանը մյուս կողմից՝ անկասկած ձգտելու է թուլացնել նրան, պահել մամլիչի տակ: Դա իհարկե Սարգսյանի մարտավարությունն է ոչ միայն Արմեն Սարգսյանի նկատմամբ, այլև գործնականում բոլորի, որոնց միջոցով Սարգսյանը փորձում է հակակշռել իշխանական համակարգը և նվազ ռեսուրսների պարագայում կառավարել առավելագույն վերահսկելիությամբ:
Արմեն Սարգսյանի՝ Եռաբլուր այցն ու Վազգեն Սարգսյանի շիրիմին խոնարհումը այդ իմաստով Արմեն Սարգսյանի պատասխան քայլն է իր դեմ գրոհին՝ անկախ նրանից, թե հատկապես ով է կանգնած այդ տեղեկատվական գրոհի հետևում: Ակնհայտ է, որ եթե Սարգսյանը չգնար Եռաբլուր, ապա որևէ մեկը նրան չէր մեղադրելու դրա համար, և նույնիսկ չէին էլ նկատելու, որ չի գնացել, ի վերջո՝ նա դեռևս ընդամենը շրջանառվող անուն է:
Մյուս կողմից՝ եթե գնացել է, ապա հազիվ թե ակնկալիքով, որ դա առանձնապես մեծ դիվիդենդ է բերելու իրեն հանրային վարկանիշի իմաստով: Ըստ այդմ՝ ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը գնացել է հենց իր դեմ սկսված տեղեկատվական արշավին պատասխանելու կամ, ավելի շուտ, այդ արշավի «գերագույն գլխավոր հրամանատարին» պատասխանել է, ով էլ այն լինի:
Արմեն Սարգսյանը գնացել է, այսպես ասած, թեման փակելու, սակայն ոչ թե բառի բուն իմաստով, քանի որ հազիվ թե դադարեն խոսել այդ մասին, այլ, այսպես ասած, քաղաքական՝ ցույց տալու համար, որ 1996-ի թեման ամենևին չի բարդույթավորում իրեն, և ինքը, «հաշտվելով» Վազգեն Սարգսյանի հետ, ընդունում է նրա «անունից» իրեն նետված մարտահրավերը:







































