Մարդու առողջության վրա գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) ազդեցության հարցը դեռևս վերջնական պատասխան չի ստացել: Ազգային ժողովում «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ. այլընտրանք, թե պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց ՀՀգյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը` պատասխանելով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
«Այդ հարցի վերաբերյալ դեռ վերջնական պատասխան չկա, և ամբողջ աշխարհում դա քննարկման թեմա է: Դրա համար մենք այստեղ պետք է խիստ զգուշավորություն ցուցաբերենք: Այստեղ շատ կարևոր է մարդու նախազգուշացված լինելը: Այսինքն` անձը պետք է իմանա, որ սնունդը, որ ինքը գնում է, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ է պարունակում և որոշի` ուզո՞ւմ է օգտագործել նման սնունդ, թե ոչ: Մենք այդ նախազգուշացման մեխանիզմն ապահովել ենք, եթե սնունդը 0.9 տոկոս ԳՁՕ է պարունակում, անպայման մակնշում պետք է արվի, իսկ 0.9 տոկոսից ավելը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով արգելված է»,- նշեց Հարությունյանը:
Փոխնախարարը նաև նշեց, որ երկրներ կան, որտեղ ԳՁՕ-ները մարդկանց սովից փրկում են: Նա նաև ընդգծեց, որ շատ երկրներում օգտագործում են արագ աճող բարդու տնկիները, եթե կա էկոլոգիական խնդիր կամ նոր անտառներ ստեղծելու հրամայական: «Այդ տնկիները շատ արագ աճում են և նաև ավելի քիչ ներդրում են պահանջում»,- ասաց Հարությունյանը:
Եզրափակելով խոսքը` փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանի դեպքում հարկավոր է խնդիրը բազմակողմանիորեն ուսումնասիրել, հասկանալ խնդրի էությունը և նոր միայն որոշում կայացնել:









































