Apple-ն ընդլայնել է համագործակցությունը iPhone-ի ու iPad-ի համար դետալների մատակարարների հետ: The Wall Street Journal-ի տվյալներով՝ ամերիկյան կորպորացիան պայմանագրեր է կնքել նոր ասիական մատակարարների հետ՝ ընդլայնելու սարքերի արտադրությունը:
Էլեկտրոնիկայի թայվանական արտադրող Wistron Corp-ը, որը դետալներ է մատակարարում կանադական Blackberry-ին և ֆիննական Nokia-ին, կկենտրոնանա iPhone 5C նոր բյուջետային մոդելի վրա: Compal Communications ընկերությունը հաջորդ տարվանից բաղադրիչ մասեր կմատակարարի iPad Mini-ի համար:
Apple-ի սարքերի հիմնական հավաքողը՝ թայվանական Foxconn-ը, կկենտրոնանա iPhone 5S-ի վրա, որի պահանջարկը դեռևս բարդ է բավարարելը:
iPhone 5S-ի ժողովրդականությունը միակ պատճառը չէ, որ Apple-ը որոշել է համագործակցել նաև այլ ընկերությունների հետ: Բանն այն է, որ Foxconn-ը վերջին շրջանում հաճախ է հայտնվում քննադատության ներքո՝ գործարաններում կոշտ աշխատանքային պայմանների պատճառով: JPMorgan-ի վերլուծաբան Էլվին Քվոկի խոսքով՝ Apple-ը հաճախ է բախվում Foxconn-ի գործարաններում հավաքված սմարթֆոնների վերադարձման խնդրին:










































