Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը. վերջինս երկուշաբթի, ժամը 11.00-ին, կհանդիպի ՀՀԿ խմբակցության հետ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Վերջինս նշեց, որ քաղաքական մեծամասնությունը դրական է տրամադրված Իշխան Զաքարյանի թեկնածության նկատմամբ: «Վերահսկիչ պալատն իր գործունեությամբ առաջին փորձն էր Հայաստանում և կարճ ժամանակում բավականին լուրջ կառույց դարձավ: Սա ամենակարևոր գնահատականն է, առավել ևս՝ այն մոտեցումները, որոնք ստուգումների առարկա են դառնում, կառույցը կարողանում է հաղթահարել ինչ-որ չափով»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Նա նաև հայտնեց, որ Իշխան Զաքարյանի հասցեին նախագահի հնչեցրած կոշտ քննադատությունների մեջ արտասովոր բան չի տեսնում, կարծում է, որ քննադատել՝ չի նշանակում ոչնչացնել: Սահակյանը բնական է համարում, որ աշխատանքային գործընթացում բոլորը քննադատման ենթակա են. «Տարբեր պետական չինովնիկներ իրենց կառույցներում նաև քննադատվում են, և դա աշխատանքային պրոցես է»:
ՀՀԿ ղեկավարի խոսքով՝ նախագահի քննադատությունը տեղին էր, բայց դա չի նշանակում, որ կառույցը չի աշխատել: Սահակյանը տեղեկացրեց, որ այս շաբաթ ԱԺ բոլոր խմբակցությունները կհանդիպեն Իշխան Զաքարյանի հետ, և հարցը կընդգրկվի առաջիկա քառօրյայում:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































