Տնտեսագիտության մեջ հաճախ հաշվում են պոտենցիալ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ): Դա այն կանխատեսվող (ենթադրվող) վերջնական ապրանքների ու ծառայությունների շուկայական արժեքն է, որը կստացվեր լրիվ զբաղվածության պայմաններում:
Ընդհանրապես զարգացած երկրներում ՀՆԱ-ի հիմնական մասը աշխատավարձն է, ուստի գործազրկության բարձր մակարդակը զգալիորեն նվազեցնում է փաստացի ՀՆԱ-ն` պոտենցիալի համեմատ: Եվ գործազրկության մակարդակը կարգավորելը ՀՆԱ աճն ու գնաճը կարգավորելուն հավասար մի բան է:
Բայց մենք եթե ունենք համեմատաբար տանելի գնաճ ու ՀՆԱ աճ, ապա նույնը չի կարելի ասել գործազրկության մասին: Ազգային վիճակագրական ծառայության` օրերս հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում 16.9% է կազմել: Սովորաբար թույլատրելի է համարվում գործազրկության, այսպես կոչված, բնական մակարդակը, որը տարբեր երկրների համար տատանվում է 3-5%-ի սահմաններում: Տնտեսական ճգնաժամերի ժամանակ գործազրկության մակարդակը մեծանում է` հասնելով 10-12%-ի: Իսկ 7%-ից բարձր մակարդակը արդեն իսկ համարվում է անթույլատրելի և տնտեսական անվտանգությանը սպառնացող:
Այնպես որ, Հայաստանում իսկապես գործազրկության մակարդակը չափազանց մեծ է: Կառավարությունը որոշ ծրագրեր իրականացնում է զբաղվածության բնագավառում` մասնագիտական վերապատրաստման ծրագրեր ու զբաղվածության պետական գործակալության իրականացրած բազմաթիվ այլ ծրագրեր: Սակայն դրանց շահառուների թիվը, ինչպես օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, շուրջ 15 հազար գործազուրկներն են: Մինչդեռ գործազուրկների ընդհանուր թիվը Հայաստանում ավելի քան 220 հազար է:
Ինչ-որ դրական միտում, այնուամենայնիվ նկատելի է: Եթե հավատանք պաշտոնական թվերին, ապա 2011-ին գործազրկության մակարդակը եղել է 18.4%, իսկ 2012-ին` 17.3%: «Ընդունելով, որ 2008-2011թթ. տնտեսապես ակտիվ բնակչության միջին տարեկան թվաքանակը կմնա անփոփոխ, ինչպես նաև հիմք ընդունելով 2013-2018թթ. համար կանխատեսվող կայուն զբաղված դարձածների թվաքանակի միջին տարեկան աճի ցուցանիշը, ապա հնարավոր կլինի նաև 2013-2018թթ. համար կանխատեսել տնային տնտեսությունների հետազոտության արդյունքներով հաշվարկված գործազրկության մակարդակի միջին տարեկան նվազման ցուցանիշը, որը կկազմի շուրջ 0.35%-ային կետ: Արդյունքում նշված ցուցանիշը 2018թ. հնարավոր կլինի կրճատել 2.1%-ային կետով` հասցնելով 16.3%` 2011թ. 18.4%-ի դիմաց»,- ասված է ՀՀ զբաղվածության 2013-2018թթ. ռազմավարությունում: Այսինքն` այս տեմպերով գնալու դեպքում մենք 7%-ից ցածր գնաճ կունենանք միայն 25-30 տարի հետո: Խնդիրն այն է, որ պետական ծրագրերն այս ոլորտում ավելի քան 220 հազար գործազուրկից վերաբերում են միայն մի քանի տասնյակին:
«Ընդունելով, որ մեկ շահառուի ծրագրում ընդգրկման միջին արժեքը կպահպանվի 138,000 դրամ, ապա 2013թ. ծրագրերում ընդգրկվող շահառուների թվաքանակը կկազմի 29,275: 2014-2015թթ. ծրագրերում ընդգրկվող շահառուների թվաքանակի նախատեսվող տարեկան աճը նախորդ տարվա համեմատ կկազմի 5%, իսկ 2016-2018թթ. ծրագրերում ընդգրկվող շահառուների առնվազն 5% տարեկան աճը և դրա ապահովման համար պահանջվող ֆինանսական միջոցների չափաքանակները կսահմանվեն պետական ՄԺԾ համապատասխան ծրագրերով»,- ասված է այդ ռազմավարությունում:
Այսպիսով, գործազրկության մակարդակը Հայաստանում թեև բավականին բարձր է, բայց այն նվազեցնելու ուղղությամբ քայլերն այն եռանդով չեն արվում (կամ հայտարարվում)` ինչ արվում են ՀՆԱ-ի բարձր աճ կամ գների ցածր աճ ապահովելու համար:
Լուսանկարը՝ Photolure-ի










































