Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստվում է 2018 թվականի ապրիլին սպասվող փոփոխություններին: Քաղաքական դաշտը, առավելապես խորհրդարանական քաղաքական ուժերը դիրքավորվում են ըստ այդմ: Մենք ակնհայտ տեսնում ենք, որ ոչ միայն քաղաքական տարբեր ուժերի միջև, այլև իշխանության ներսում բավական հետաքրքիր զարգացումներ են մեկնարկել: «Ելք»-ը, որ տարեսկզբին, մինչև խորհրդարանական ընտրությունները խիստ մերժողական տրամադրություններ ուներ ԲՀԿ-ի նկատմամբ, վերջերս այդ ուժին կոնկրետ քաղաքական համագործակցության առաջարկ է արել։ Առաջիկա ամիսները կարևոր քննություն են Հայաստանի համար և ըստ ամենայնի ոչինչ չի վերջանա նախագահի և վարչապետի ընտրությամբ, գուցե ամեն ինչ սկսվի դրանից հետո։ Հենց այս հարցերի շուրջ զրուցելու ենք հրապարակախոս Արծրուն Պեպանյանի հետ:
-Պարոն Պեպանյան, այս օրերին ՀՀԿ-ական պատգամավորներն իրար հերթ չտալով խոսում են, որ 2018 թվականին վարչապետի պաշտոնին տեսնում են Սերժ Սարգսյանին, որ նրան այլընտրանք չկա։ Ձեր կարծիքով՝ արդյոք այս ամենը նախապես կանխորոշվա՞ծ էր։
-Նախ փորձենք հասկանալ, թե ինչու են ՀՀԿ-ի ներկայացուցիչները այդպես ներկայացնում։ Ոմանք դա մեկնաբանում են, որ այդ մարդիկ իրենց տեղն են ուզում ապահովել, քծնում են և այլն, բայց եթե իշխանական համակարգին քիչ թե շատ ծանոթ ես, ապա հասկանում ես, թե ինչ կարող է լինել։ Մենք դժբախտաբար քաղաքական հասունության այն աստիճանին ենք, որ անկախ պետական ինստիտուտներ չենք կարողանում ստեղծել, մենք չունենք արդարադատության համակարգ, որը կվերցնի իր մասին գրված օրենքն ու կասի՝ ես այս օրենքներով եմ առաջնորդվում և ոչ ոք իրավունք չունի ինձ ցուցում տալու, ընդհուպ մինչև նախագահը։ Չունենք ոստիկանություն, որը կվերցնի ոստիկանության մասին օրենքը և կասի՝ ես միայն այս օրենքով եմ առաջնորդվում։ Համապատասխան մակարդակ է նաև Ազգային ժողվում։ Ընդհանրապես, պետական որևէ կառույց չունենք, որ ինքնուրույն գործում է։ Բայց քանի որ մենք պետություն ենք, իսկ պետությունը պետք է ունենա իր ներքին կարգուկանոնը, իր խաղի կանոնները, ապա մեր առաջին դեմքերը իրենց անվամբ դա լրացնում են իրենց կամային հատկանիշներով։ Փաստացի, մենք ոչ թե հանրապետություն ենք, այլ մեկ անձի իշխանություն։ Դա ոչ թե այդ մեկ անձի ախորժակից է, որ այդպես է, պարզապես մենք այլ համակարգ ստեղծել չենք կարող։ Հիմա Սերժ Սարգսյանն է, դրանից առաջ մեկ ուրիշն էր, դրանից առաջ էլ մեկ ուրիշն էր։ Բոլորի դեպքում այդպես է եղել, մեկ անձի իշխանություն, և բոլոր որոշումները կայացնում է ինքը։
-Այսինքն՝ որևէ այլընտրանք չկա՞։
-Այլընտրանքը պետք է լինի պետական ինստիտուտը, և առաջին դեմքը, որն իր վրա վերցնում է խաղի կանոններ հաստատելը, ինքն ապահովում է իշխանական համակարգի կայունությունը։ Իշխանական համակարգի ցանկացած պաշտոնյա այս իրավիճակում գիտի՝ իրեն ինչ կարելի է անել, ինչ չի կարելի անել, որ դեպքում իրեն կխրախուսեն, որ դեպքում՝ կպատժեն։ Հիմա պատկերացրեք մտովի մենք այդ առաջին դեմքին, որն ամբողջ իշխանական բուրգի սյունն է, դնում ենք մի կողմ։ Քաոս է ստեղծվելու, բոլորն սկսելու են անհանգստանալ՝ բա իմ ճակատագիրն ինչ կլինի, փորձելու են այլ հենարան գտնել։ Նրանք, որոնք գտնում են, որ իրենք ավելին են արժանի, քան ներկա կացության մեջ ունեն, նրանք փորձելու են ուրիշի հաշվին այն մեծացնել։ Մենք այդպիսի իրականություն ունեցել ենք, երբ իշխանափոխություն եղավ 1990 թվականին, էլի պետական ինստիտուտներ չկային, նաև չունեինք այդ առանցքը, որ մի քանի հոգի կվերցնեին իրենց վրա, և այդ պայմաններում հայաստանում տեղի ունեցավ քաոս, տեղի ունեցավ անարխիա։ Դուք դժվար հիշեք, բայց այդ ժամանակ, եթե ձեր մեքենայով դուրս գայիք և գնայիք ասենք Ալավերդի, քի հավանական է, որ տեղ կհասնեիք, որովհետև ճանապարհին մեքենան կխլեին ձեզնից։ Ամբողջ պետությունը վերածվել էր քաոսի, որովհետև չկար մեկը, որ իր կամքով ասեր ես եմ այստեղի կարգուկանոն հաստատողը։ Այսօր ունենք մի իրավիճակ, որ փաստացի մի հոգի իր կամային հատկանիշներով իշխանական համակարգը պահում է կայունության մեջ։ Եթե նրան հանում ենք դուրս, ապա իշխանական համակարգում չկա, համենայնդեպս ես չեմ տեսնում այն դեմքին, որը կարող է գալ, շատ արագ վերցնել ու սաստել մնացածներին, կարգի բերել։
Ամբողջությամբ՝ տեսանյութում:







































