Դեկտեմբերի 19-ին ներկայացվել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն»-ի «Կովկասյան բարոմետր 2017» զեկույցը, որտեղ ներկայացված է Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումն առավել ուշագրավ՝ սոցիալ-քաղաքական և տնտեսական թեմաների վերաբերյալ։ Հարցումն անցկացվել է 2017թ՝ 1648 չափահաս քաղաքացիների շրջանակում։ Հատկանշական է, որ 2016թ․ ամռանը տեղի ունեցած «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններն արդարացրել են հարցվածների 36, դատապարտել` 16 տոկոսը։ 28 տոկոսի համար այդ գործողությունը որոշ չափով դատապարտելի է, որոշ չափով էլ՝ արդարացված։
Հայտնի իրադարձություններից 1․5 տարի անց հասարակությունը, միանշանակ, գնահատական չի տալիս՝ արդյո՞ք «Սասնա ծռեր»-ի գործողությունն ահաբեկչություն էր, թե՞ ապստամբություն։ Դատական նիստերն անցնում են բավականին լարված մթնոլորտում, ուշագրավ է սակայն, որ վերջիններիս ահաբեկչության մեղադրանք առաջադրված չէ։ Միևնույն ժամանակ, շատերը մերժում են «ծռերին» քաղբանտարկյալ համարելու փորձերը։ Ուշագրավ է, որ Հայաստանում ընտրական գործընթացների բացակայության և ընտրություններով իշխանափոխություն անելու անհնարինության ձևակերպման տակ՝ այսօր էլ շատերը չեն բացառում զինված պայքարն ու զենքով իշխանափոխության հասնելու հնարավորությունը։ Սրա վառ օրինակն է օրերս ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը՝ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով «Սասնա ծռեր»-ի համակիրներից մեկի նկատմամբ հետախուզում հայատարարելու վերաբերյալ։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի տաղավարում զրուցել ենք փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի և ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։








































