Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ ԵՄ համաձայնագիրը Հայաստանի համար բավականին լուրջ հնարավորություններ է բացել բարեփոխվելու, արդիականացվելու և ավելի ինքնուրույն խաղացող դառնալու համար։
«Ընդ որում՝ խոսքը ոչ միայն Հայաստանին է վերաբերում միջազգային հարաբերությունների համակարգում, այլ նաև Հայաստանի ներքին սուբյեկտներին, և չափազանց կարևոր է, որպեսզի ՀՀ քաղաքական ամբողջ ներկապնակը ոչ միայն գիտակցի փաստաթղթի առավելությունը բոլոր փաստաթղթերի նկատմամբ, այլ նաև այդ փաստաթղթի իրականացման արդյունքում ստացվելիք ձեռքբերումները, որոնք կարող է ունենալ թե՛ երկիրը, թե՛ քաղաքական ուժերը առանձին վերցված։ Իհարկե այն լիարժեք իրականացնելու դեպքում խոստանում է Հայաստանը դուրս բերել ժողովրդավարության մայրուղի և, բնականաբար, ժողովրդավարության բոլոր հակառակորդները Հայաստանում և Հայաստանից դուրս դրանից մտահոգված են լինելու և թույլ չեն տալու այն իրականացնել՝ կլինեն իշխանության ներսում, թե Հայաստանից դուրս»,- շեշտեց նա։
Ըստ նրա՝ ԵՄ համաձայնագիրը կարող է միավորման հարթակ լինել քաղաքական ուժերի համար։
«Մեր հասարակության և քաղաքական դաշտի, հատկապես այն հատվածի, ովքեր ժողովրդավարությունը կարևորում են, իսկապես լրջագույն մարտահրավեր է լինելու՝ պարտվելո՞ւ են իրենք հակադեմոկրատական, հակաժողովրդավարական ուժերին, թե՞ ճիշտ հակառակը՝ նախաձեռնությունը վերցնելու են իրենց ձեռքը, կազմելու են ընդհանուր օրակարգ, միավորելու են բոլոր ջանքերը և հանդես են գալու որպես պահանջատեր, հզոր միասնական սուբյեկտ այս համաձայնագիրը լավագույնս կատարելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։










































