«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ԿԳ նախարարին հարցրեց՝ կա՞ հետազոտություն, թե բանակային ծառայություն անցած ուսանողների մոտ կրթության ինչ աճ է նկատվում և բանակում ի՞նչ պայմաններ են ստեղծվել, որ մագիստրատուրայում սովորողը կարողանա իր կրթությունը, գիտությունը շարունակել:
Լևոն Մկրտչյանը ի պատասխան թվեր ներկայացրեց. «Մենք հիմա ունենք 2007-2016-ի պաշտպանածների ընդհանուր թվաքանակը: Դոկտորները 445-ն են Հայաստանում, թեկնածուները՝ 5032: Նրանցից գիտության մեջ մնացել են` դոկտորներից` 191 հոգի, թեկնածուներից՝ 646 հոգի: Այսինքն՝ 5032-ից 646-ն են գիտության մեջ: Ընդհանուր առմամբ դոկտորների 42,9 տոկոսն է, որ մնում է գիտության մեջ, թեկնածուներից՝ 12,8 տոկոսը»:
Նախարարն ըստ մասնագիտությունների ասաց, թե ովքեր են մնում գիտության մեջ, ամենաշատը ֆիզիկամաթեմատիկական ուղղությունն է: Տնտեսագիտության թվերը՝ դոկտորներից մնում է 25 տոկոսը, թեկնածուներից՝ 2,7 տոկոսը: Ընդհանուր առմամբ այս ուղղությամբ գիտության մեջ մնում է 3,5 տոկոսը: Իրավաբանությունից գիտության մեջ թեկնածուների 2,8 տոկոսն է մնում, բժշկական ուղղության մեջ՝ 6,4 տոկոսը: Ճարտարապետության մեջ տոկոսները ավելի լավ են՝ 22 տոկոսն է մնում:








































