Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց արդեն մի քանի օր է, ինչ առավոտյան խմբով բանվորներ են գալիս, որոնց «աշխատանքի» արդյունքում Համալիրի դիմաց արմատախիլ է արվել երկու ծառ, իսկ մյուսի ճյուղերն արդեն հատվել են: Բնակիչների հավաստմամբ՝ բանվորների խմբի հետ է նաև Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով անձամբ է վերահսկում աշխատանքները: Ծառահատումը ևս արվել է իր հանձնարարությամբ:
«Առաջին լրատվական»-ը եղավ համալիրի դիմաց, որտեղ ֆիքսեց, որ բացի այդ երկու ծառերը հատելուց, մյուս ծառերի բները եզերող քարերը վերականգնել են, որի արդյունքում ծառերի հիմքը լցված է բետոնե շաղախով:
Վնասված է նաև համալիրի մասին տեղեկացնող ցուցանակը: Ցուցանակից մի քանի մետր այն կողմ «Ծիծեռնակաբերդի զբոսայգի» գրությամբ քարե հուշարձան կար, որն այսօր արդեն հողին է հավասարեցված:
Մեր տեղեկություններով՝ հուշաքարը և ծառերը խանգարում են նոր կառուցվող ճանապարհն ավարտին հասցնել, ուստի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հարմար է գտել ծառերն արմատախիլ անել, իսկ հուշաքարը հողին հավասարեցնել:
Բացի հաստաբուն ծառերից, տարածքում հատվել են նաև այլ երիտասարդ ծառեր: Նշենք, որ այն տարածքները, որտեղ գործունեություն է ծավալվում, մասնավոր սեփականություն են, և քաղաքապետարանը որևէ նախնական համաձայնություն չի ստացել ծառահատման կամ ճանապարհ կառուցելու համար:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում: