Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կմրցի պորտուգալական «Բենֆիկայի» կետ:
Բրիտանացի վերլուծաբանների զգալի մասը այս մրցավեճում անգլիական թիմի մեկնարկային կազմում չի տեսնում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, որը այնքան էլ հաջող հանդես չեկավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Տոտենհեմի» հետ խաղում, փոխարինվելով երկրորդ կեսի միջնամասում:
Ըստ կանխատեսումների «Յունայթեդը» վաղը հանդես կգա 4-3-2-1 դասավորությամբ:
Մասնավորապես, դարպասում կլինի Դե Խեան, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Ջոնսն ու Լինդելոֆը: Աջ եզրում կխաղա Դարմիանը, իսկ ձախից՝ Բլինդը: Որպես հենակետային կիսապաշտպաններ կխաղան Մատիչն ու Էրերան: Ենթահարձակվողի դիրքում Հենրիխ Մխիթարյանի փոխարեն կխաղա Խուան Մատան: Կիսապաշտպանության աջ եզրում կլինի Լինգարդը, իսկ ձախ եզրում կխաղա Մարսիալը: Կենտրոնական հարձակվողի դիրքում հանդես կգա Լուկակուն:








































