Դալայ-լաման շաբաթ օրը Մեքսիկա կատարած այցի ժամանակ հանդիպել է կաթոլիկական հավատքի ներկայացուցիչների հետ: Նրան ուղեկցել է հանրահայտ դերասան Ռիչարդ Գիրը: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
«Եթե ես կարողանայի ծանոթանալ Աստծո հետ, ես նրան կհարցնեի՝ ինչ է Աստված և ինչպիսին է նա»,- ասել է Դալայ-լաման հանդիպման ժամանակ: Նա նշել է կաթոլիկության այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ սերը, կարեկցանքը, համբերատարությունն ու հոգևորը, որոնք հավատքի միջոցով մարդկանց բերում են երջանկություն:
Բուդդայականների հոգևոր առաջնորդը քննադատել է նրանց, ովքեր կրոնն օգտագործում են միայն եկամուտ ստանալու համար և դրա միջոցով ջանում փող վաստակել: «Ես հույս ունեմ, որ ես այդպիսիներից չեմ»,- կատակել է նա:
Մեկ այլ հանրային միջոցառման ժամանակ Գիրն անձամբ է Դալայ-լամային օգնել բեմ դուրս գալ: «Երբ ես նայում եմ իմ կյանքին, տեսնում եմ, որ մահվան մահճում իմ առջևով կանցնեն ոչ թե իմ ֆիլմերից հատվածներ, այլ կմնան միայն իրական սերն ու կարեկցանքը, որոնք ես կարողացել եմ սերմանել այլ մարդկանց մեջ»,- ասել է դերասանը: Գիրը տիբեթյան բուդդայականության ամենահայտնի հետևորդներից է, Դալայ-լամայի մոտ ընկերն ու աշակերտը:
Դալայ-լաման Մեքսիկայում կմնա ևս մի քանի օր: