Ռուսաստանն ակտիվացրել է իր քաղաքականությունը թուրքական և ադրբեջանական ուղղություններով: Օրեր առաջ Անկարայում էր Վլադիմիր Պուտինը: Դատելով երկու նախագահների ամփոփիչ ասուլիսից` բանակցություններն արդյունավետ են անցել, համենայն դեպս` Էրդողանն ու Պուտինն օրակարգային են համարում հարցեր, որոնցում Մոսկվային ու Անկարային հաջողվել է ձևավորել ընդհանրական դիրքորոշումներ: Երեկ Բաքու է ժամանել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Իլհամ Ալիևի հետ քննարկել է հարցերի լայն շրջանակ, սակայն պաշտոնական լրահոսը շեշտը դնում է հատկապես անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցության վրա:
Տարածաշրջանում ԱՄՆ-ի դիվանագիտական պասիվության, նույնիսկ կարելի է ասել` բացակայության ֆոնին դարձյալ ակտիվանում է Մոսկվա-Անկարա-Բաքու առանցքը: Ընդ որում` երեք երկրների համագործակցության ռեստարտի, այսպես կոչված, գաղափարա-քաղաքական հիմքը հակաարևմտականությունն է կամ երեք երկրների իզգոյացումը: Տվյալ դեպքում` ձևակերպումները քաղաքական ճաշակի խնդիր են, մանավանդ, որ դրանից տարածաշրջանային նոր համատեքստի էությունը չի փոխվում:
Մինչև վերջերս թվում էր, թե Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում առկա են անհաղթահարելի հակասություններ՝ կապված էներգետիկ քաղաքականության, ընդհուպ` մերձավորարևելյան խնդիրներ հետ: Այդ հակասությունները թվացյալ չեն, ավելին` որևէ տեղ չեն անհետացել, սակայն երկուստեք «արխիվացվել» են, որովհետև միջազգային և ռեգիոնալ նոր գործոններն անհրաժեշտություն են դարձրել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության վերականգնումը: «Ադրբեջանական լվացքատուն» միջազգային կոռուպցիոն սկանդալը, որի հետևում երևում են նաև Ռուսաստանի իշխանական և մասնավոր խոշորագույն ընկերությունների «ականջները», դարձավ ռուս-ադրբեջանական «նոր եղբայրության» մերանը:
Էրդողան-Պուտին կամ Ալիև-Պատրուշև հանդիպումների մասին պատմող պաշտոնական լրահոսում ոչ մի տող չկա ԼՂ հակամարտության կամ Հայաստանի մասին, սակայն դա ամենևին չի երաշխավորում, որ հայկական օրակարգն այդ բանակցություններում բացակայել է: Ճիշտ հակառակը` ինչքան մեծ է այն հարցերի շրջանակը, որի շուրջ պայմանավորվում են Անկարան կամ Մոսկվան, Բաքուն կամ Մոսկվան, կամ` երեքով միասին, այնքան մեծ է հավանականությունը, որ նրանք կոնսենսուս ունեն Ղարաբաղի կարգավորման հարցում, որովհետև համաձայնությունների ընդհանուր պլատֆորմը ավելի դյուրին է դարձնում դրա լոկալացումը առանձին հարցերում:
Վիճակը դրամատիկացնել պետք չէ, սակայն ստեղծվել է մի իրավիճակ, որը կարող է վերածնել մեզ համար վտանգավոր 2016-ի նախապատերազմյան ստատուս-քվոն: Ամենացավալին այն է, որ ռեգիոնալ նոր կոնֆիգուրացիայում դարձյալ փոշիանում է Հայաստանի սուբյեկտությունը, ինչը մյուսների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում` գալ պայմանավորվածությունների մեր շահերի հաշվին:
Դիվանագիտության մեջ փակուղային իրավիճակներ չեն լինում, նույնիսկ` Հայաստանի կարգի երկրներ համար: Մեր դիվանագիտությունը պետք է դուրս գա միայն արձագանքողի կարգավիճակից և նախաձեռնողակություն ցուցաբերի, մանավանդ, որ Մոսկվայի և Անկարայի հետ կան բանակցությունների կոնկրետ օրակարգեր, որոնք` մի կողմից, կմեծացնեն Հայաստանի սուբյեկտությունը, մյուս կողմից` մինիմալի կհասցնեն Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող ռիսկերը:










































