Հյուսիսային Կորեայի իշխանությունները հրաժարվել են ստորագրել չհարձակվելու մասին համաձայնագիրը, որն առաջարկել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական ԶԼՄ-ները:
Հյուսիսային Կորեայի պաշտպանության պետական կոմիտեի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ Կորեական թերակղզում խաղաղություն և անվտանգություն կարող է երաշխավորել ոչ թե չհարձակվելու մասին համաձայնագիրը, այլ միայն «միջուկային զենք ունեցող Հյուսիսային Կորեայի հեղափոխական ուժերը»:
Այս կերպ երկրի գերագույն ռազմական մարմինն արձագանքել է Քերիի ելույթին, որում վերջինս հաղորդել է խաղաղ բանակցություններ անցկացնելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին:
Հյուսիսային Կորեան իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է չեղյալ հայտարարի երկրի դեմ սահմանած պատժամիջոցները և դադարեցնի ռազմական սադրանքները:
Հյուսիսկորեական իշխանությունները ԱՄՆ-ին խորհուրդ են տվել հաշվի առնել, որ հանրապետությունն այլևս փոքր և թույլ պետություն չէ, որին կարելի է վախեցնել: