Գերմանիայում աղիքային վարակի տարածման պատճառ կարող է լինել ծլեցրած սոյան: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Ներքին Սաքսոնիա մարզի կառավարության ներկայացուցիչ Հերդ Հանեն ասել է, որ մոտ ժամանակներս սոյայի ծիլեր չուտելու զգուշացում պետք է արվի: Տեղեկացնենք, որ սոյայի ծիլերից տարբեր տեսակի աղցաններ են պատրաստվում:
Նա հավելել է, որ փորձաքննությունները վերջնական պատասխան չեն տվել սոյայի մասին եղած կասկածների առնչությամբ, սակայն, փորձագետների կարծիքով, հենց այդ սննդամթերքն է սուր աղիքային վարակի պատճառը: Հանեն ասել է նաև, որ հիվանդացածներից շատերը կերել են սոյայի ծիլեր:
Միաժամանակ նշվել է, թե այս եզրակացությունները չեն նշանակում, որ հանվում է լոլիկի, վարունգի և սալաթի տերևների օգտագործման վրա դրված արգելքը:
Հիշեցնենք, որ աղիքային այս հիվանդությունից Գերմանիայում արդեն մահացել է 22 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, միայն Համբուրգում հիվանդների թիվը հասնում է 1,700-ի, որոնցից 570-ի մոտ բժիշկները կյանքին սպառնացող երևույթներ են արձանագրել: Շատ շրջաններում հիվանդանոցներն ի վիճակի չեն լինում այդպիսի քանակությամբ հիվանդներ ընդունել:











































