Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան «ԵՄ-Ադրբեջան հարաբերություններ» թեմայով ելույթ է ունեցել Ադրբեջանի Ֆրանսիական ինստիտուտում կազմակերպված սեմինարում.
«Ադրբեջանը հանդիսանում է ԵՄ հուսալի գործընկերը, գնալով էլ ավելի են զարգանում նրանց փոխհարաբերությունները։ Անկախությունից հետո Ադրբեջանը որոշակի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ոլորտում, սակայն դրա վրա երկար տարիներ է վատնել»։
Nabucco-ի հետ կապված Կոբիան նշել է. «Եվրոպան բոլոր արտահանողների համար հանդիսանում է շահավետ շուկա։ Գնալով Եվրոպայի ածխաջրածնային պաշարները սպառվում են, և նա ստիպված է ավելացնել դրանց ներկրման ծավալը։ Nabucco-ի հարցում գոյություն ունի երկու կողմ՝ Ադրբեջանն ու ԵՄ-ը։ Նախագծի ընդունման որոշման իրավունքն էլ գտնվում է նրանց ձեռքում»։
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբներին գերմանական Frankfurter Rundschau թերթում տպագրված Նադյա Էրբի «Կովկասում պատերազմի վտանգի առաջացումը» խորագրով հոդվածում նշված էր, որ միջազգային հանրությունը և մասնավորապես ԵՄ-ն աչք է փակում պատերազմի հրահրիչ Ադրբեջանի վրա, քանի որ հանդիսանում է Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա նավթի մատակարար և կարևոր գործընկեր Nabucco նախագծի իրականացման հարցում։