Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի ընդունումից մինչ այժմ տիտանական աշխատանք է կատարվել, բայց ընթացակարգային լուրջ խնդիրներ կան, լուրջ բացեր: Այսօր ԱԺ-ում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ միաժամանակ նշելով, որ ձեռքբերումներն այդ բացերը թողնում են ստվերում: Նրա խոսքով՝ այս ոլորտը օդ ու ջրի նման անհրաժեշտ է բոլորին, և առաջարկեց հանքավայրերի շահագործումն իրականացնել բնապահպանական միջոցառումների ծրագրի համալիր պահպանությամբ:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը տեղեկացրեց, որ Հայաստանում ընդերքի օգտագործման համար այս տարվա առաջին կիսամյակին կատարված հարկերը, տուրքերը և վճարները միասին կազմում են 28.97 մլրդ դրամ, տարեվերջին կկազմեն 63.8 մլրդ դրամ: Նրա համոզմամբ՝ նոր օրենսգիրքը միանշանակ քայլ առաջ է, շատ հարցեր լուծվում են, բայց կան հարցեր, որոնց լուծումը սպասում է իր ժամանակին, ուստի դրանց պետք է անդրադառնալ:
Այդ հարցերից նա առանձնացրեց իրավունքի փոխանցման գործընթացի կարգավորումը և հողերի տրամադրման գործընթացի խնդիրը: Նա անդրադարձավ պղնձաձուլարանի կառուցման անհրաժեշտությանը՝ նշելով, որ էֆեկտիվ պղինձ ունենալու համար տարեկան 250 հազար տոննա պղինձ պետք է ունենանք, սակայն միակ հարցը դա չէ: Ունենալով անհրաժեշտ քանակի պղնձի հումք՝ պետք է կարողանալ նաև օժանդակ նյութերն օգտագործել, օրինակ՝ ծծմբական թթուն:
«Ապագայում մենք անհրաժեշտ քանակին կհասնենք, պիտի հասկանանք՝ ինչ անել այդ ծծմբական թթվի հետ: Բազալտի հումքից մանրաթելերի արտադրությունը կարևոր է, դրանք մեծ տարածում են գտնում տնտեսության մեջ: Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել՝ ներգրավել ենք աշխարհում առաջատար չինացի գործընկերների, կառուցելու ենք համատեղ ձեռնարկություն: Մանրաթելերի արտադրությունը հնարավորություն կտա արտադրել անկյունակներ, ամրաններ, խողովակներ և կենցաղում օգտագործվող մեծ տեսականի»,- ասաց նա:
Փոխնախարարի խոսքով՝ ցանկացած արտասահմանյան ներդրող փորձում է հասկանալ տեղական շուկան, մինչդեռ մեր շուկան այդ տեսակետից փոքր է և գրավիչ չէ, մեր աշխարհաքաղաքական դիրքը և հարևանների հետ հարաբերությունները ևս գրավիչ չեն: Չինական ընկերությունը պատրաստ է ներդրում կատարել, եթե մենք տարեկան մեկուկես-երկու միլիոն տոննա պղինձ արտադրենք, իսկ դա ներքին շուկայում չի սպառվի, ուստի պետք է արտահանել, դրա համար էլ իր հերթին նոր՝ տրանսպորտային և այլ ծախսեր են առաջ գալիս:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ օգտակար հանածոների այն ծավալները, որ մենք ունենք, այնքան հրապուրիչ չեն օտարերկրյա ներդրողների համար, բացի այդ՝ մետաղների գները ոչ ոք չի կարող կանխատեսել:
«Նախորդ տարվա համեմատ պղնձի գները իջել են ավելի քան հազար դոլարով, մոլիբդենը, որի գինը ժամանակին 90 հազար դոլար էր, այժմ արդեն 20-25 հազար դոլար է: Դա կարող է ոլորտում լուրջ խնդիրներ առաջացնել»,- ասաց նա:











































