Ադրբեջանը չարաշահում է միջնորդների հավասարակշիռ մոտեցումը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Դիտարկմանը, թե մտահոգիչ չէ՞ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի այն հայտարարությունը, թե իրենք անզոր էին հասկանալ՝ որտեղից էին կրակում վերջին դիտարկման ժամանակ, երբ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անցկացված ԵԱՀԿ առաքելության դիտարկման ժամանակ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը, փոխնախարարն ասաց, որ բնական է, եթե հայտարարությունն անհասցե է, դա խրախուսում է Ադրբեջանին դիմել այդ քայլերին։
«Ադրբեջանը դա էլ անում է, բայց, ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կտրվում է միջազգային խաղի բոլոր կանոններից», – ասաց ԱԳ փոխնախարարը:
Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ թեև Ադրբեջանն իր այդ պահվածքով մեկուսանում է միջազգային խաղից, բայց դա չի նշանակում, որ հայկական կողմն իրեն պետք է ապահով զգա. «Մենք առաջին հերթին պետք է ապավինենք մեր ուժերին»:











































