ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Իրանի Արևմտյան Ատրպատականի նահանգի պատվիրակությանը` նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փոխվարչապետը գոհունակություն է հայտնել, որ բարեկամ Իրանի հետ հատկապես վերջին տարիներին միջտարածաշրջանային հարաբերություններն ակտիվորեն զարգանում են` նշելով, որ Հայաստանի կառավարությունը ողջունում և խրախուսում է այդ համագործակցությունը: Նա հույս է հայտնել, որ պատվիրակության այցն արդյունավետ կլինի` Հայաստանի գործընկերների, մասնավորապես` Արմավիրի մարզի հետ փոխգործակցության նոր հնարավորությունների բացահայտման տեսանկյունից:
Հյուրերը նույնպես նշել են, որ գործընկեր տարածաշրջանների միջև արդեն բավականին հետաքրքիր համագործակցության հիմք է դրվել, բայց առկա է փոխգործակցության բավականին մեծ ներուժ: Նահանգապետի խոսքով` Իրանի նոր կառավարությունը նույնպես ողջունում է Հայաստանի հետ միջտարածաշրջանային մակարդակով հարաբերությունների խորացումը, և այս ձևաչափով գործակցության զարգացումը համարում է առաջնահերթություն:
Նահանգապետը նաև փոխվարչապետին և Արմավիրի մարզպետին հրավիրել է այցելել Արևմտյան Ատրպատական:










































