Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել սեպտեմբերի 1-ին կայանալիք Ռումինիա-Հայաստան և սեպտեմբերի 4-ին կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպումներին: Եթե երեկ՝ օգոստոսի 28-ին տեղի ունեցած մարզումն ավելի շատ կրում էր վերականգնողական թեթև բնույթ, ապա այսօր հավաքականը մարզվեց լրիվ ինտենսիվությամբ, ընդ որում՝ օրվա մեջ 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան: Հավաքականին է միացել նաև Ռուսլան Կորյանը:
Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը 24 ֆուտբոլիստներն էլ գտնվում են հավաքականի մարզիչների տրամադրության տակ: Նրանցից Արտակ Գրիգորյանը չի կարող մասնակցել Ռումինիայի հավաքականի հետ հանդիպմանը որակազրկման պատճառով, իսկ Արմեն Համբարձումյանը չի կարող մասնակցել առաջիկա հանդիպումերից որևէ մեկին, քանի որ նրա փաստաթղթային խնդիրները դեռևս չեն լուծվել: Համբարձումյանը ժամանակին հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում, ինչի պատճառով Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու համար պետք է իրականացվի ասսոցիացիայի փոփոպություն: Դա պահանջում է որոշակի ժամանակ:
ՀՖՖ համապատասխան բաժինը դեռևս մի քանի ամիս առաջ պատրաստել և ՖԻՖԱ է ուղարկել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Այժմ մնում է սպասել ՖԻՖԱ-ի պատասխանին: Հնարավոր է՝ Արմեն Համբարձումյանը հասցնի մասնակցել հոկտեմբերին կայանալիք հանդիպումներին:






































