Սիրիայի հարցով ԵԽԽՎ զեկուցող Բորն ֆոն Սյուդովը կողմ է արտահայտվել սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը կառավարության և ընդդիմության միջև բանակցություններ սկսելու միջոցով՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Հինգշաբթի սիրիական խնդրի քննարկման ժամանակ նա ընդգծել է Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ձեռք բերած պայմանավորվածության նշանակությունը:
«Եթե քիմիական զենքի հետ կապված բոլոր գործընթացները հաջող լինեն, ապա դա կնպաստի Սիրիայում իրավիճակի թեթևացմանը»,- նշել է նա:
Զեկուցողն առանձնակի ուշադրություն է դարձրել ժնևյան քննարկումների դերակատարմանը Սիրիայի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում: Նրա խոսքերով՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոչ բոլոր ընդդիմադիր ուժերն են ցանկանում մասնակցել այս մեխանիզմին:
Հատկանշական է, որ շվեդ խորհրդարանականի ելույթում չեն հնչել Սիրիայի գործող վարչակարգը տապալելու կոչեր: Սյուդովն ընդգծել է, որ այժմ իրենց գլխավոր նպատակն է դադարեցնել պատերազմը և ստեղծել ժողովրդավարական պետություն, ինչի համար հակամարտող կողմերը պետք է ընդհանուր մոտեցում գտնեն:











































