Մաքսային միությանը անդամակցելու որոշումը քաղաքական ուժերի հետ քննարկելու և հնարավոր հանրաքվեի ներկայացնելու մասին հարցին ի պատասխան, որ հնչեց Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի ելույթից հետո ԵԽԽՎ պատգամավորների հարցերի շարքում, նա հայտարարեց, թե քաղաքական ընդդիմության հետ խորհրդակցելու կարիք չկա, իսկ հանրաքվեն էլ հազիվ թե իմաստ ունի, որովհետև իրենք գիտեն, որ հասարակության մեծ մասը հավանության է արժանացնում իրենց որոշումը:
Այդպիսով, Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում օգտվեց Հայաստանի քաղաքական դաշտի, այսպես ասած, ընդդիմադիր կուսակցությունների օգնությունից, որ նրան ընձեռվեցին սեպտեմբերի 3-ից հետո այդ կուսակցությունների առաջնորդների կամ առաջնորդող կազմերի մի քանի հայտարարություններով: Նախ` այդ կուսակցությունները հենց սկսեցին ակնարկել կամ ուղղակի հայտարարել, որ Հայաստանում հասարակության մեծամասնությունը ռուսամետ է, և ինչպես գնաս Արևմուտք, եթե տնտեսապես կախված լինելով Ռուսաստանից` նաև հասարակական կարծիքն է նման կախվածություն պարտադրում: Իսկ ընդհանրապես, Հայաստանի ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժերի մեծամասնությունը` իր բացահայտ լոյալությամբ և Ռուսաստանին չբարկացնելու հավատամքով Սերժ Սարգսյանի որոշումը նրա եվրոպական ելույթից առաջ լիովին լեգիտիմացրեց, և նա Ստրասբուրգում ցույց տվեց, որ ամբողջ քաղաքական դաշտն իր վերահսկողության տակ է: Իսկ որպես թարմ ապացույց, Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում ելույթից առաջ մատուցեց գլխավոր դատախազի պաշտոնի համար քվեարկությունը խորհրդարանում, որտեղ ընդդիմությունը պարզապես հայտնվեց ծիծաղելի վիճակում:
Այս ամենից հետո Սերժ Սարգսյանը կարող էր Ստրասբուրգում նույնիսկ ոչինչ չասել, որովհետև ցույց էր տվել, որ Երևանում, միևնույն է, ուրիշ բան ասող չկա: Բանն այն է, որ Եվրոպային բացարձակապես չեն հետաքրքրում խոսքերի գեղարվեստական կառուցվածքաձևերը, դարձվածաբանական ձեռքբերումներն ու լեզվաբանական նորարարությունները: Նրանց հետաքրքրում է քաղաքական ուժի ասելիքի գաղափարական և բովանդակային կողմը, իսկ այդ տեսանկյունից Սերժ Սարգսյանը Ստրասբուրգից առաջ կարողացավ հստակ ցույց տալ, որ այդպիսի կողմ գոյություն չունի: Հենց այդ դիրքերից էլ նա Ստրասբուրգում ինչ-որ առումով նույնիսկ հաթաթա տվեց Եվրոպային` այն իմաստով, թե ամենասկզբից հայտարարել ենք, որ Ռուսաստանի դեմ ոչ մի բանի գնացողը չենք, և հետևաբար` այսօր ոչ ոք Հայաստանին չի կարող մեղադրել պայմանավորվածություններ խախտելու կամ անակնկալ մատուցելու համար:
Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, ձևախեղում է իրականությունը: Բանն այն է, որ օրինակ` երբ եվրոպացիները դեռևս սեպտեմբերի 3-ից շատ ու շատ առաջ հիշեցնում էին, որ հնարավոր չէ Մաքսային միության և Ազատ առևտրի համատեղումը, պաշտոնական Երևանից ոչ ոք կես բերան անգամ չէր հայտարարում, որ այդ դեպքում Երևանը կընտրի Մաքսային միությունը կամ այդ դեպքում Ասոցացման համաձայնագրի Ազատ առևտրի մասը կհայտնվի կասկածի տակ և այլն: Ոչ մի դիտողություն, ոչ մի դժգոհություն, ոչ մի վերապահում: Մինչդեռ այդ երկու տնտեսա-իրավական ռեժիմների անհամատեղելիության մասին Սերժ Սարգսյանին ոչ միայն հեռակա էին ասել՝ եվրահանձնակատարներ Քեթրին Էշթընն ու Շտեֆան Ֆյուլեն, այլ նաև հենց նրա հետ համատեղ ասուլիսի ընթացքում նրան էր ասել Լեհաստանի՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրի համակարգող երկրի նախագահ Կոմարովսկին: Եվ ասել էր հենց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը խոսել էր «և-և»-ի մասին: Սակայն անգամ այդ ժամանակ Սարգսյանը ոչ մի կերպ չէր ակնարկել, թե այդ դեպքում Հայաստանը կարող է վերապահումներ ունենալ Ասոցացման համաձայնագրի բովանդակության կապակցությամբ և տնտեսական նկատառումներից ելնելով կընտրի Մաքսային միությունը:
Այս ամենով հանդերձ, սակայն, Սերժ Սարգսյանն այսօր կարիք չունի Եվրոպայում անպատասխանատու հայտարարություններ չանելու, որովհետև Հայաստանում նրան հաջողվել է ի ցույց դնել իր` այսպես ասած քաղաքական ընդդիմախոսների կատարյալ անպատասխանատվությունը կամ մեծ պատասխանատվությունը, նույնիսկ իր ունեցածից ավելի մեծ պատասխանատվությունը Ռուսաստանի իշխանությունների հանդեպ: Այս դեպքում Եվրոպան, իհարկե, Սերժ Սարգսյանին չի հիշեցնի բանակցությունների, Ասոցացման գործընթացի ընթացքը, հնչած հայտարարությունները և հայկական կողմի լռությունը:
Բանն այն է, որ հնչեցնելու դեպքում եվրոպացիները ստիպված պետք է լինեն քաղաքական ինչ-որ կեցվածք դրսևորել Հայաստանի իշխանության իրականությունը ձևախեղելու փորձերի հանդեպ: Մինչդեռ այդ դեպքում Եվրոպան ինքն իր համար կարող է արգելքներ ստեղծել Հայաստանի հետ հետագա աշխատանքում: Մինչդեռ, ինչքան էլ Սերժ Սարգսյանից դժգոհ լինեն, միևնույն է, Հայաստանը աշխարհի քարտեզից մոռանալ չեն կարող, որովհետև աշխարհաքաղաքականությունը Հայաստանի Ասոցացման գործընթացով չի սկսվել և դրանով չի ավարտվում: Իսկ ում հետ պետք է աշխատեն նրանք Հայաստանում, եթե գրեթե բոլորը պարզորոշ դրսևորել են, որ ում հետ էլ աշխատելու լինեին, խոշոր հաշվով, արդյունքները և որոշումները լինելու էին նույնը:
Այնպես որ, Ստրասբուրգը, առնվազն հրապարակային մակարդակում, ստիպված էր կուլ տալ Սարգսյանի հաթաթան: Կուլ կտան, բայց, իհարկե, չեն մոռանա երբեք, այնպես որ, Սերժ Սարգսյանի համար սկսվում է սպասման մի` մեղմ ասած ոչ այնքան հաճելի շրջան, թե երբ և ինչպես է Եվրոպան վերադարձնելու կուլ տվածը:








































