Ամերիկյան ավտոշուկան սեպտեմբերի արդյունքներով վերջին 27 ամսում (2011-ի մայիսից) առաջին անգամ անկում է գրանցել: Այս մասին հայտնում է Automotive News-ը:
Կրճատվելով 4 տոկոսով՝ ԱՄՆ-ում թեթև մեքենաների վաճառքի ծավալը կազմել է 1 մլն 137 հազար 206 միավոր: Վաճառված մեքենաների թվաքանակի նկատելի նվազեցման մասին են հայտնում General Motors, Toyota, Honda, Nissan և Hyundai-Kia Group ավտոարտադրողները:
Միաժամանակ՝ սեպտեմբերի տվյալներով՝ վաճառքի տարեկան մակարդակը կազմել է 15.3 մլն մեքենա՝ 2012-ի սեպտեմբերի 14.8 մլն մեքենայի դիմաց:
Ամերիկյան շուկայի առաջատարների ցուցակի առաջին հորիզոնականում մնում է General Motors կորպորացիան, որն իրացրել է 187195 մեքենա (-11%): Ford ընկերությունը երկրորդ տեղում է՝ իրացված 184452 մեքենայով (+6%), եռյակը եզրափակում է Toyota-ն, որը սեպտեմբերին 164457 մեքենա է իրացրել: Ցուցանիշը 4 տոկոսով քիչ է անցած տարվա նույն ամսվա համեմատ:










































