Ոչ մի համաներում չի գալիս ուղղելու այն հնարավոր սխալները, որոնք կարող է դատական իշխանությունը թույլ տված լինել: Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի նիստում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով՝ համաներման նպատակն այլ է, այն արդարադատություն իրականացնող ակտ չէ, ուստի նպատակահարմար չէ քննարկումներ իրականացնել այս առումով: «Այս գործընթացում հրապարակայնության աստիճանը մի քանի անգամ ավել է լինելու: Մենք բաց ենք լինելու, ես պատրաստ եմ լսել բոլորին: Հասարակությունից եկող առաջին ազդակները պատգամավորներին են հասու, ուստի պիտի խնդրեմ փոխանցել դրանք, չարաշահումները պիտի փորձենք զրոյացնել: Կա մի շեմ, որին մենք փորձում ենք հասնել»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ ամենադժվարը սպասելն է: Լինելու է որոշակի վարչարարություն, թղթաբանություն, սակայն ավելորդ դանդաղկոտությունն անգամ, առավել ևս՝ չարաշահումները, լինելու են վերահսկողության ներքո և պատժվելու են իր կողմից: Նախարարն ԱԺ-ին առաջարկեց համաներում կիրառելու մասին որոշման նախագիծը վերջնական տեսքի բերելու նպատակով քվեարկությունը հետաձգել մինչև վաղը, երբ այն նախագահի համար ընդունելի տարբերակով կներկայացնի Ազգային ժողովին, նաև կանդրադառնա հնչած առաջարկություններին՝ նշելով՝ որոնք են ընդունվել:







































