«Ալ-Քաիդայի» հետ կապված «Իսլամական պետությունն Իրաքում և Լևանտում» խմբավորումը սպառնացել է Թորքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ստամբուլում և Անկարայում ահաբեկչությունների շարքով՝ պահանջելով Թուրքիայից կրկին բացել Բաբ Ալ-Հավա և Բաբ Ալ-Սալամ անցակետերը: Դրանք Անկարան փակել էր այն բանից հետո, երբ նույն խմբավորման գրոհայիններն իրենց վերահսկողության տակ էին վերցրել սիրիական սահմանային Ազազ քաղաքը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Հայտարարության համաձայն՝ խմբավորումը Էրդողանի կառավարությանը մինչև հոկտեմբերի 7-ը ժամանակ է տվել:
Բացի դրանից՝ կազմակերպությունը ստանձնել է մայիսին Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Ռեյհանլը քաղաքում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը: Զոհվել էր 53 մարդ, վիրավորվել ավելի քան 100-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Անկարան Ռեյհանլըի ահաբեկչության իրականացման համար մեղադրել էր սիրիական հատուկ ծառայությունների հետ կապված խմբավորումներին:








































