Արցախում լույս տեսնող «Վերածնունդ» ընդդիմադիր ամսաթերթը մեծ պահանջարկ ունի և շատ արագ է սպառվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Արցախի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Խանումյանը:
Նրա խոսքով՝«Ազգային վերածնունդ» ընդդիմադիր կուսակցության պաշտոնաթերթ հանդիսացող «Վերածնունդ»-ի առաջին համարը լույս է տեսել սեպտեմբերի 20-ին, երկրորդը՝ պատրաստ կլինի մոտ ժամանակներս: «Թերթը տպվում է 1000 օրինակով, անվճար տարածվում է Ստեփանակերտում և Արցախի շրջաններում: Ապագայում նախատեսում ենք թերթի տպաքանակն ավելացնել և ամսաթերթից վերածել երկշաբաթյա թերթի»,- ասաց նա՝ հավելելով, որ նման որոշում իրենք կայացրել են մեծ պահանջարկից և կուսակցության գրասենյակ դիմող արցախցիների գոհունակությունից դրդված:
Հայկ Խանումյանի համոզմամբ՝ թերթի մեծ պահանջարկը պայմանավորված է ինֆորմացիոն վակուումով և մատուցվող տեղեկատվության միակողմանիությամբ: ««Վերածնունդ»-ը ֆինանսավորվում է կուսակցության կողմից: Կուսակցությունն իր հերթին ֆինանսավորվում է անդամավճարներից: Թերթի նյութերը շարվում են մեր կուսակցության անդամների, համակիրների կողմից»,- ասաց նա:
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ ընդդիմադիր թերթը կարող է հասարակության մեջ երկփեղկվածություն առաջացնել, «Արցախի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության նախագահը պատասխանեց. «Արցախում երբեք հասարակության երկփեղկվածության ու պառակտման վտանգ գոյություն չի ունեցել՝ նույնիսկ պատերազմի տարիներին, երբ բավականին լուրջ ընդդիմություն է եղել: Բազմակարծությունն ու ընդդիմության առկայությունը օգնել են Արցախ պետության կայացմանը, արդարության մթնոլորտի պահպանմանը, երկրի միջազգային վարկի բարձրացմանը և վերջնական հաղթանակ տանելուն: Այնպես որ, անվտանգությունն ու բազմակարծությունն իրար չեն հակասում: Որքան բազմակարծիք է հասարակությունը, այնքան այն հզոր է»,- ասաց Հայկ Խանումյանը:






































