«Լիվերպուլ»-ն ուսումնասիրում է ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավիեր Պաստորեի իրավունքների ձեռքբերման հնարավորությունը: 2011 թվականին «Պալերմո»-ից փարիզյան ակումբ տեղափոխված ֆուտբոլիստը կորցրել է իր տեղը թիմի հիմնական կազմում: Եթե նախկինում Պաստորեն հայտարարում էր, որ ցանկանում է մնալ Փարիզում և ցուցադրել իր խաղային բարձր որակները, ապա այժմ նրա գործակալ Մարսելո Սիմոնյանը հայտնում է, որ Պաստորեն կարող է փոխել ակումբային գրանցումը:
«Ֆուտբոլում միշտ հաջողությունների և անհաջողությունների շրջաններ են լինում: Փարիզում Պաստորեն երջանիկ էր, սակայն տեսնենք, թե ինչ կկատարվի առաջիկա ամիսներին»,- Metro-ն մեջբերում է Սիմոնյանի խոսքերը:
Տեղեկությունների համաձայն` Բրենդան Ռոջերսն անձամբ է հետաքրքրված Պաստորեի ծառայություններով և հունվարին «Լիվերպուլ»-ը կդիմի ՊՍԺ-ին` պաշտոնական առաջարկով: Ենթադրվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման նպատակով Լիվերպուլի ակումբը 17 մլն ֆունտ կծախսի: Պաստորեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլան»-ն ու «Նապոլի»-ն:










































