Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, որն այսօր հյուրընկալվել էր «Իրատես դե ֆակտո» ակումբում, խոսելով ԼՂ կարգավորման գործընթացում ծավալված իրադարձությունների, Դովիլիում եռանախագահող երկրների նախագահների ընդունած հայտարարության մասին՝ նշեց, որ դա հետևանք էր Ռուսաստան-Արևմուտք լայնածավալ և սերտ համագործակցության:
Դ. Շահնազայանը նշեց, որ ԼՂ կարգավորման ողջ պատմության ընթացքում երբևէ չի եղել, որ համանախագահող երկրների գործողություններն այսքան համաձայնեցված լինեն. «Փաստաթուղթն էականորեն տարբերվում է նախորդ երկուսից: Դա ըստ էության պահանջ է՝ ներկայացված Ս. Սարգսյանին և Ի. Ալիևին: Ասված է, որ ժամկետներն ավարտված են: Ուղղակիորեն նշված է այն փաստաթուղթը,- դա Սոչիի փաստաթուղթն է,- որի շուրջը պետք է համաձայնություն լինի: Դովիլը Դեյթոնի ուրվականն է»,- նշում է ՀԱԿ ներկայացուցիչը:
Դ. Շահնազարյանը կարծում է, որ միջնորդների միջև տարաձայնություն չկա, և չի բացառում, որ այս պայմաններում մոտ ապագայում եռանախագահող երկրները գուցեև կարողանան համաձայնության գալ խնդրահարույց՝ խաղաղապահների տեղակայման շուրջ: Ստեղծված պայմաններում, Դ. Շահնազարյանի համոզմամբ, ՀՀ իշխանությունները հայտնվել են բավական բարդ իրավիճակում, և ստիպված են գնալ պատասխանատու քայլերի. «Միակ ելքը՝ գործընթացները որոշակիորեն մեզ էլ ավելի ձեռնտու հուն ուղղելու՝ արտահերթ ընտրությունների անցկացումն է»,- նշեց նա՝ վստահեցնելով, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում անխուսափելի են:
Դ. Շահնազարյանը կարծում է, որ եթե ոչ Կազանում, ապա հաջորդ հանդիպմանը փաստաթուղթ կստորագրվի, որից անմիջապես հետո կողմերը կաշխատեն մեծ համաձայնագրի վրա:











































