Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Նյու-Յորք։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանի օրակարգի առաջին կետը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի, Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և Արևելյան գործընկերության նախաձեռնության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցությունն էր։ Հանդիպման ընթացքում արծարծվել են Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Հայաստանի արտգործնախարարի և Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրխալտերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են 2014թ. ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության առաջնահերթությունները, մտքեր են փոխանակվել կազմակերպության գործունեության վերաբերյալ։
ՄԱԿ-ի կենտրոնակայանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի անունից ստորագրել է «Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան»։
Նույն օրը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահության շրջանակներում Նյու–Յորքում տեղի ունեցավ ՍՏԾՀ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը վարել է կազմակերպությունը նախագահող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման նպատակով՝ Սևծովյան տնտեսական համագործակցության տնտեսական նոր օրակարգի 2013-2015թթ. Գործողությունների ծրագրի իրականացմանը, կազմակերպության արդյունավետության և տեսանելիության բարձրացմանը, Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին առնչվող հարցեր։ Հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաև ս.թ. հոկտեմբերի 4-ին Երևանում կայանալիք տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով բարձրաստիճան հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Չիլիի արտգործնախարար Ալֆրեդո Մորենոյի հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, միջազգային կազմակերպություններում համագործակցության հաստատումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների հաստատումը։
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ էր։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Նույն օրը ՄԱԿ-ում՝ ՀՀ մշտական ներկայացուցչությունում, Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վանուատուի փոխվարչապետ, արտգործնախարար Էդվարդ Նիպակե Նատապեիի հետ։ Երկու երկրների արտգործնախարարները ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարությունը։ Ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։
Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջայի հետ հանդիպման ժամանակ վերջինս Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է ԵՄ հովանու ներքո Սերբիայի հետ հաշտեցման գործընթացը։
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար:
Էնվեր Հոջայը երախտագիտություն է հայտնել Կոսովոյում հայ խաղաղապահների ծառայության համար։









































