Մոնբլանում (4810 մ, Արևմտյան Ալպեր) հայտնաբերվել է թանկարժեք քարերով լի տուփ: Այն հայտնաբերել է ֆրանսիացի ալպինիստը դե Բոսոն սառցադաշտում: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Տուփում եղել են զմրուխտներ, սուտակներ և շափյուղաներ: Դրանց արժեքը գնահատվել է մոտ 250 հազար եվրո:
Ֆրանսիացի ալպինիստը կարծել է, թե տուփը պատկանում է սառցադաշտում մահացածներից մեկին, և այն փոխանցել է ոստիկանությանը: Նա նախընտրել է չհայտնել իր անունը:
Հնդկական ծագմամբ թանկարժեք քարերը հավանաբար Մոնբլանում են հայտնվել օդանավի վթարի հետևանքով: Air India ավիաընկերության ինքնաթիռներն այնտեղ վթարվել են 1950 և 1966 թվականներին:
Ֆրանսիական իշխանությունները մտադիր են գտնել թանկարժեք քարերի ժառանգորդին:











































