«Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն անհամբերությամբ է սպասում իր նախկին թիմակից Ռոբերտ Լևանդովսկիի` մյունխենյան ակումբ տեղափոխությանը: Բացի այդ, գերմանացի կիսապաշտպանը խոսել է «Բորուսիա»-ում իր տեղը զբաղեցրած Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Կարծում եմ` Հենրիխ Մխիթարյանի մոտ ամեն ինչ կստացվի: Մենք արդեն տեսնում ենք, որ նա իրեն շատ լավ է դրսևորում»,- ասել է Գյոտցեն Մխիթարյանի մասին:
Ինչ վերաբերում է Լևանդովսկիին, հիշեցնենք, որ ավելի վաղ լեհ հարձակվողը հայտարարել էր, որ հունվարին կարող է պայմանագիր կնքել «Բավարիա»-ի հետ: Եվ Գյոտցեն, ով Ռոբերտի հետ երկու մրցաշրջան խաղացել է «Բորուսիա»-ի կազմում, հույս է հայտնել, որ տրանսֆերը շուտով կկայանա:
«Ես շատ ուրախ կլինեմ, եթե նորից խաղամ Լևանդովսկիի հետ: Նա պետք է ընտրի «Բավարիա»-ն:
Մենք իրար շատ լավ ենք հասկանում խաղադաշտում, այդ իսկ պատճառով հին կապը նորից վերականգնելը ոչ մի խնդիր չի բերի իր հետ: Լևանդովսկին յուրահատուկ հարձակվող է»,- եզրափակել է Գյոտցեն:







































