Միացյալ ազգերի կազմակերպությունը մեղադրել է Լիբիայի կառավարությանը և ընդդիմությանը հակամարտության ընթացքում գործած ռազմական հանցագործությունների մեջ: Այսպիսի եզրակացության է եկել ՄԱԿ-ի հանձնաժողվը, որը քննում էր Լիբիայում տեղի ունեցող հակամարտության ժամանակ գրանցված հանցագործությունների հանգամանքները:
Համաձայն այդ զեկույցի, կառավարական ուժերը մեղավոր են 10-15 հազար խաղաղ բնակչի մահվան մեջ, ինչը որակվել է որպես մարդկության դեմ գործած հանցանք: Հանձնաժողովի նյութերում նաև ասվում է, որ Լիբիայի բանակի զինվորները կատարել են սպանություններ, բռնություններ։ Խոշտանգումներ և սեռական բռնություններ են կիրառել խաղաղ բնակիչների վրա իրականացվող զանգվածային և պարբերական հարձակումների ժամանակ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Փաստաթղթում նաև մանրամասներ կան Լիբիայի ընդդիմության կողմից գործված հանցանքների մասին: Այս զեկույցը կազմվել է երեք հոգանոց հանձնաժողովի կողմից, որը հարցաքննել է մոտ 350 բնակիչների ինչպես Քադաֆիի, այնպես էլ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Զեկույցում տեղ են գտել նաև վկաների ցուցմունքներ, որոնք ներառված են Միջազգային քրեական դատարանի դատախազների կողմից պատրաստված փաստաթղթում, որի հիման վրա Քադաֆիին պետք է դատեն Հաագայում:







































