Ինչպես հայտնի է, երեկ Սերժ Սարգսյանը միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ նշանակեց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին… Նոր նախաձեռնության առթիվ իրավագետների տեսակետները տարբեր են:
«Գաղափարը ինքը լավ գաղափար է, այլ հարց է, թե ինչպես է դա իրականացվելու, ով է լինելու ղեկավարը: Պետք է տեսնել, թե ինչպես է կարգավորվելու այդ կառույցի գործունեությունը: Կարևոր է, թե ինչ հակակշիռներ է ունենալու կազմակերպությունն իր դեմ, որպեսզի արդյունավետ գործի, ինչ մեխանիզմներ են լինելու, ինչպես է դա տեղավորվելու իշխանությունների տարանջատման սկզբունքում, նախագահին է ենթարկվելու, թե կառավարությանն է ենթարկվելու: Էս ամբողջը երբ որ ունենանք, հետո կարող ենք ասել` ինչ թաքնված ու բացահայտ խնդիրներ է հետապնդում այդ մարմինը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
Ըստ նրա` հարցը վերջին 10 տարիների ընթացքում քննարկվել է և՛ ակադեմիական շրջանակներում, և՛ պրակտիկ իրավաբանների շրջանում, թե արդյոք ավելի արդյունավետ չի՞ լինի ունենալ մեկ միասնական քննչական ապարատ, ինչպես օրինակ` ԱՄՆ-ի FBI-ն, Դաշնային հետաքննությունների բյուրոն, և անկախ նրանից, թե որ գերատեսչության վերաբերյալ է խնդիրը` հարկային, մաքսային, քրեական, ընդամենը մեկ գերատեսչություն կա քննչական, որը զբաղվում է այդ հարցով: «Մեզ մոտ ամեն գերատեսչություն առանձին իր քննչական մարմինն ունի, ազգային անվտանգությունն իրենն ունի, հարկայինն իրենն ունի, ոստիկանությունն իրենն ունի: Դա խնդիրներ է առաջացնում համագործակցության առումով, իրավասության, ռեսուրսների բաշխման առումով, և կարծես թե քաղաքական որոշում է կայացվել, որ միասնական կառույց լինի»:
Ինչ վերաբերում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նշանակմանը հանձնաժողովի նախագահի պաշտոնում և քննչական մարմնի ղեկավար դառնալու հեռանկարին, հաշվի առնելով նրա նախկին գործունեությունը, ապա Ղազարյանն ասաց. «Ես կուզենայի, որպեսզի նոր անձնավորություն լիներ, երիտասարդ: Իհարկե, Աղվան Հովսեփյանի փորձը մեծ է, բայց նոր մարտահրավերները նա կարող է լուծել հին եղանակով, իր հայացքներով ավելի կոնսերվատիվ անձնավորություն է: Այս իմաստով` ես կուզեի, որ նոր սերնդի ներկայացուցիչ լիներ, քանի որ գաղափարն էլ նոր, թարմ գաղափար է»:
Փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Արա Զոհրաբյանը դրական է համարում միասնական քննչական մարմնի ստեղծման գաղափարը: «Բերեմ օրինակ` հարկային կամ մաքսային գործերով քննիչը ուզի, թե չուզի ղեկավարվում է իր կառույցի գերատեսչական բյուջեն փող լցնելու շահով: Այստեղ արդեն արդարադատությունը տուժում է, քանի որ քննիչը կարող է կալանավորման միջնորդություն ներկայացնել և հասնել մեղադրյալի կալանավորմանը` մինչև վերջինս բյուջե կփոխանցի իրեն վերագրվող պարտքի գումարը: Այսպիսի դեպքեր շատ են եղել: Կամ էլ մաքսային գործով քննիչը, եթե տեսնում է, որ մաքսային ծառայող է «խառնված» գործին և տնտեսվարող սուբյեկտը խախտում է կատարել այդ ծառայողի ջանքերով, ապա շրջանցում է վերջինիս: Իմ կարծիքով` միասնական քննչական մարմինը արդեն վեր կգտնվի այլ կառույցների գերատեսչական շահերից, ինչն առավել արդյունավետ կլինի»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Ըստ նրա` «Փաստաբանների պալատի պաշտոնական կարծիքը այս հարցի վերաբերյալ հավանաբար կլինի իրավական ապահովման հանձնաժողովի կողմից առաջարկություններ ներկայացնելուց հետո, քանի որ այդ ժամանակ պարզ կլինի, թե կոնկրետ ինչ լիազորություններ են նախատեսվելու միասնական քննչական մարմնի համար»:
Նախկին դատավոր Պարգև Օհանյանի համոզմամբ` «բան չի փոխվի, ըստ էության»: «Եղածի համեմատ գուցե մեկ քայլ առաջ է, այն իմաստով, որ մեկ մարմին կլինի, ուստի ավելի կազմակերպված կլինի: Մյուս կողմից` նախաքննությունը հիմա ավելի ուժեղ կառույց կդառնա, որը պարզապես, ցավոք, արդարադատություն է իրականացնում շատ դեպքերում, և դատարանին մնում է ընդամենը քննիչների եզրակացությունների վավերացման նոտարական գործառույթ»,- ասաց Օհանյանը` հավելելով. «Գիտենք, որ ՀՔԾ-ն փաստացի անկախ էր, բայց դատախազության ներսում, դատախազությունից կախման մեջ, դատախազի հսկողության տակ` դա էլի մնալու է: Իմ կարծիքով` դատախազության այդ հսկողության գործառույթը պիտի չլինի: Պիտի լինի այնպես, ինչպես զարգացած երկրներում է: Թվում է` ամեն ինչ ուզում ենք ընդօրինակել, բայց ինչ-որ ձեռք չի տալիս իշխանություններին, չենք անում, որովհետև ի դեմս այդ քննչական մարմնի, առավել քան ներկայումս, ուժային կառույցի է տեսնելու իշխանությունը»:
Նախկին դատավորի խոսքերով` եթե կլինի որոշակի հակասություն դատախազության ու նոր ստեղծվող քննչական մարմնի միջև, թող լինի, որովհետև դրանից միայն կշահի արդարադատությունը: «Ցավոք, այսօր իշխանության ամենաբարձր օղակներում չի հասկացվում, որ քննչական մարմինները արդարադատություն իրականացնող կառույցներ չեն: Դրանք այսօր ընկալվում են որպես քրեական արդարադատություն իրականացնող մարմին, իր տխուր հետևանքներով, որը մենք տեսնում ենք Սյունիքի դեպքում և այլն»,- նման եզրահանգում կատարեց Պարգև Օհանյանը:
Լուսանկարը՝ Bravo.am-ի











































