Կառավարությունը մտադիր է հիմնել բիզնես-օմբուդսմենի պաշտոն: Այս նախաձեռնությանը ընդդիմանում են թե՛ ՄԻՊ-ը, թե՛ ընդդիմությունը: Չմանրանալով նախաձեռնության սահմանադրականության հարցում, նկատենք, որ իշխանության մտահաղացումը նպատակ ունի լուծել մի քանի խնդիրներ, որոցից որևէ մեկն աղերս չունի այն մարտահրավերների հետ, որոնք ծառացած են պետության առաջ:
Նախ` ապակենտրոնացվելու է մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը` ավելի թուլացնելով ՄԻՊ-ի, նրա գրասենյակի ազդեցությունը: Բիզնես-օմբուդսմենի դեմքով ստեղծվում է «այլընտրանքային» ինստիտուտ, որով իշխանությունները կարող են հակադրվել ՄԻՊ-ին, եթե նա սկզբունքային հակասություններ ունենա իշխանության հետ:
Բիզնես-օմբուդսմենի պաշտոնի ստեղծման մյուս շարժառիթն իշխանության ներդրումային քաղաքականությունն է, ավելի շուտ` ձևախեղված պատկերացումները դրա մասին: Պոտենցիալ ներդրողին առաջին հերթին գրավում է ոչ թե հնչեղ պաշտոնների առկայությունը, այլ` տնտեսության մրցունակությունը, դատարանների անկախությունը, երկրի ռիսկայնությունը և այլն: Բիզնես-օմբուդսմենը, մեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող օտարերկրյա որևէ ներդրողի պաշտպանել, եթե պահպանվի մեր տնտեսական և քաղաքական հարաբերությունների այսօրվա արատավոր համակարգը:
Եվ վերջապես` բիզնես-օմբուդսմենը, եթե այդ պաշտոնն ի վերջո ստեղծվի, ըստ էության, դառնալու է բիզնես-«մլիցա»` կարևոր դերակատարություն ունենալով համակարգի հիմքը կազմող կապիտալի, սեփականության վերաբաժանումների, օլիգարխների ու նրանց քվոտաների ֆիլտրման հարցում:
Առհասարակ` տարօրինակ է, երբ ավտորիտար երկրում լուրջ դեմքով խոսում և քննարկում են մարդու կան տնտեսվարողի իրավունքների պաշտպանության մեխանիզմների ստեղծման հարցեր: Չնայած` ինչի վրա զարմանաս, երբ տոտալիտար Ռուսաստանում օմբուդսմենների պակաս չկա:









































