Մենք հայտնվել ենք 18-20 թվականի ժամանակաշրջանում, երբ կարող ենք կորցնել անկախությունը: Այս մասին այսօր «Անի պլազա» հյուրանոցում հրավիրված քննարկման ընթացքում ասաց ՀԱԿ վարչության անդամ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտնի հայտարարությանը:
«Երբ ասում էին՝ ինչ է իրենից ներկայացնում Ասոցացման համաձայնագիրը, ոչ ոք չէր ասում, ոչ ոք չգիտեր: Ես հետաքրքրվել եմ արտգործնախարարության իմ ընկերներից: Նրանք ասել են՝ մենք իրավունք չունենք հրապարակել, որովհետև հակառակ կողմը չունի այդ ցանկությունը: Ես հարց եմ տալիս՝ ումի՞ց եք պահում, ձեր ժողովրդի՞ց»,- հարցադրում արեց Խաչատրյանը:
Նա նշեց, որ իր համար Եվրամիությունը՝ ազատություն, օրենքի գերակայություն, մրցակցություն, սեփականության անձեռնմխելիություն է, բայց այն, ինչ Սերժ Սարգսյանն ու իր թիմն են՝ իր համար հասկանալի չէ. «Հիմա, ԵԺԿ-ն դարձել է Սերժ Սարգսյանի կռիշա, ինձ համար միևնույնն է՝ Պուտին-կռիշա, թե ԵԺԿ-կռիշա, երբ քաղբանտարկյալ, կոռուպցիա հասկացություն չեն ընդունում»:
Վերջում բանախոսը հետևյալ ուշագրավ հարցադրումն արեց. «Արդյո՞ ք կարողացել ենք ներկայացնել ինչ է եվրոպական արժեքը՝ ոչ, իսկ հակառակ կողմը բերեց այն պրիմիտիվ մակարդակի՝ առ այն, որ ընդամենը սեռական փոքրամասնություններն են»:








































