Այսօր Հայաստանի հավաքականն անցկացրեց իր երկրորդ և վերջին բաց մարզումը Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Ռուսաստանի հետ խաղից առաջ:
Մարզումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն լրագրողների հետ կիսեց իր կարծիքը: Ըստ Մինասյանի` մեր հավաքականը պետք է ավելի բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրի, քան Երևանում:
«Ամենակարևորը` այն ֆուտբոլիստները, որոնց հրավիրել եմ, ֆունկցիոնալ լավ վիճակում են ու վնասվածքներ չունեն: Ինչ-որ տպավորություն ստացել եմ երեկ ու այսօր, արդեն որոշակիորեն պարզ է ինձ համար, թե որ 18 ֆուտբոլիստները կմեկնեն, բայց վերջնական վաղը պետք է պարապենք, որը հիմնական պարապունք կլինի ու արդեն ըստ դրա կկողմնորոշվենք: 19 հոգով ենք գնալու, մի հոգի էլ ավել ենք տանելու. վնասվածք կարող է լինել: 2 ֆուտբոլիստ կմնա Երևանում, բայց ես իրենց էլ եմ ասել, որ դա ոչ մի բան չի նշանակում, որովհետև հավաքականում միշտ հավաքվում են ուժեղագույնները: Եթե ինչ-որ մեկը չի ընդգրկվում այդ 18-ի կամ 11-ի մեջ, դա չի նշանակում, որ ինքը թույլ ֆուտբոլիստ է, ուղղակի այդ պահին այդպես է: Ի տարբերություն մյուս անգամների` այժմ բոլորը շատ լավ վիճակում են: Պետք է ընտրվի ըստ դիրքերի ու թիմում պետք է բալանս լինի, որ կարողանանք փոփոխություն անենք խաղի ժամանակ:
Ես կանխատեսում չեմ անում: Ամենաառաջինն իմ ակնկալիքն այն է, որ պետք է ավելի լավ խաղանք, քան Երևանում: Երևանում մեր խաղի որակն այդքան բարձր չէր, չնայած դա ուներ իր պատճառները: Ես շատ եմ լսել ռուսական մամուլի վերլուծությունները: Շատ են քննադատում, բայց ես դրան այդքան լուրջ չեմ վերաբերվում, ես մինչև հիմա համարում եմ, որ այն (Ռուսաստանը – խմբ.) շատ ուժեղ հավաքական է: Անհատապես խաղացողները շատ բարձրակարգ են»,- ասաց Վարդան Մինասյանը:










































