Թուրքիայի ընդդիմությունն «Արդարության քայլերթի» ավարտին Ստամբուլում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ 10 կետանոց պահանջագիր է ներկայացրել երկրի իշխանություններին։ Այս մասին հայտնում է demokrathaber.org-ը։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Ստամբուլի Մալթեփե շրջանում հանրահավաքի 2.5 մլն մասնակիցների առաջ ընթերցել ու մեկնաբանել է իրենց բոլոր պահանջները։ Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ արտակարգ դրության պայմաններում իրենց իրավունքներից զրկված բոլոր տուժածների իրավունքները պետք է վերականգնվեն, հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին ոչ մի առնչություն չունեցող, սակայն ընդդիմադիր հայացքներ ունենալու համար հեռացված բազմաթիվ գիտնականներ և պետական աշխատողներ պետք է վերադառնան իրենց աշխատատեղեր, իսկ կալանավորված պատգամավորները պետք է ազատ արձակվեն, մասնագիտական պարտականությունները կատարելու համար ձերբկալված ու բանտարկված լրագրողները պետք է անհապաղ ազատ արձակվեն,
երկրում պետք է իշխի օրենքի գերակայությունը։
Նախագահ Էրդողանը, մեկնաբանելով ընդդիմության պահանջները, հայտարարել է, որ դրանք արդարության հետ որևէ կապ չունեն, և հիշեցրել է Ժողովրդահանրապետական կուսակցության՝ իշխող կուսակցություն հանդիսանալու տարիներին Թուրքիայում տեղի ունեցած անարդարությունները։







































