Ռուսական GQ ամսագիրը կազմել է Ռուսաստանի 150 ամենաազդեցիկ անձանց ցանկը։ Ըստ պարբերականի՝ հենց նրանք են կանխորոշում, թե ինչպիսին է լինելու վաղը:
Ցանկում ընդգրկված են ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ քաղաքականությունից մինչև ռեստորանային գործունեություն:
Ցուցակում ներառված են նաև հայազգի ներկայացուցիչներ՝ Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Սարկիսովը, Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանցը), Արամ Մնացականովը և Ալեքսանդր Օգանեսովը:
Ռուբեն Վարդանյանը ներկայացված է որպես հայտնի գործարար, բարերար, «Սկոլկովոյի» ստեղծման նախաձեռնող: Նշվում է, որ նա հայտնի է նաև որպես Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակի հիմնադիրներից մեկը։
«ՌԵՍՈ Գարանտիայի» համահիմնադիր Սերգեյ Սարկիսովի պարագայում նշվում է, որ վերջին շրջանում նրա մոտ հակում է նկատվում դեպի կինոարտադրությունը: Ամսագիրը գրում է, որ այդ հակումը դեռ հաջող մարմնացում չի ստացել, թեև, «մյուս կողմից, երբ ղեկավարում ես ռուսական ապահովագրական շուկայի հսկաներից մեկը և վարպետորեն յուրացրել ես միաձուլման ու կլանման արվեստը, ինչ հոբբի ասես կարող ես ունենալ՝ թեկուզ կինոյի ասպարեզում»:
Սաթի Սպիվակովան ընդգրկված է «աշխարհիկ աստղերի» բաժնում և ներկայացված է որպես դասական արվեստին նվիրված հայտնի հաղորդումների հաղորդավար։
Ցուցակում ընդգրկվել են նաև Արամ Մնացականովը՝ «Պիտերի ամենախարիզմատիկ ռեստորանատերը», ինչպես նաև շատ հաջողակ Cutfish ասիական խոհանոցի ռեստորանի սեփականատեր, «ռեստորանային հանճար» Ալեքսանդր Օգանեսովը:









































